«Երգը մաքրում է հոգին». Զվարթնոցում կայացավ մանսուրյանական երեկո
Զվարթնոց տաճարում երեկ հնչեց մանսուրյանական մեղեդին: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացված մաեստրոյի ստեղծագործական երեկոյին հնչեցին հեղինակի «Ռեքվիեմ», «Տարվա եղանակներ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները:
«Երգը մաքրում է հոգին», սա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի տեսլականն է, որը խորությամբ ընկալելու համար պարզապես հարկավոր է ունկնդրել նրա երաժշտությունը: Այդ ժամանակ անխուսափելի է ոչ միայն ինքնամաքրումը, այլև ձուլումը Տիգրան Մանսուրյան համամարդուն, մեկին, ով իր ստեղծած երաժշտության պես որքան պարզ է, նույնքան էլ հանճարեղ:
Երեկոն շարունակությունն էր մանսուրյանական համերգների, որոնք եղան Վանաձորում ու Արթիկում: Իրականության մեջ երեկոն փակումն էր նաև պատմամշակութային հուշարձանների տարածքում բացօթյա համերգային ծրագրերի ու համերգաշրջանի:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդգծեց, որայսօրինակ ծրագրերի նպատակը մեծանուն երաժիշտների շնորհիվ մեր երկրի պատմամշակութային հուշարձանների հանրահռչակումն է։ «Անշուշտ հանրության մեջ կա զգացական այն ընկալումը, որ Տիրգրան Մանսուրյանն ավելի հայտնի է իր կինոերաժշտությամբ , բայց ես կարծում եմ, որ մաեստրոյի կինոերաժշտությունը արտաքին շերտն է՝ փաթեթավորումը մանսուրյանական հոգու, մտածողության , զգացական աշխարհի, որը շատ ավելի խորն է: Եվ այդ խորը աշխարհից մենք այսօր մի գեղեցիկ փունջ, հրավառություն մատուցեցինք մեր հանդիսատեսին»,- ասաց նախարարը:
Երեկոյի ընթացքում հնչեցին Իսահակյանի և Չարենցի բանաստեղծությունների հիման վրա Մանսուրյանի ստեղծած երգերը: Մաեստրոյի երազանքն է եղել ունենալ համերգային ծրագիր, որի հիմքում կլիներ հայ դասական պոեզիան։ «Սա մի մասն է այն ամբողջ աշխատանքի, որ ես տասնամյակների ընթացքում կուտակել եմ՝ աշխատելով այս երկու բանաստեղծների հետ: Առաջին անգամ ներկայանում եմ այսպիսի մեծ ծրագրով, հատկապես ուշադիր եմ եղել, որ առաջին բաժնում ամբողջությամբ հնչի հայ պոեզիան՝ հայոց բանաստեղծության հիմքի վրա ստեղծված գործերս, իսկ երկրորդ բաժնում ներառել եմ լատինատառ ակադեմիական այն կառույցը, որ կոչվում է «Ռեքվիեմ»»,- նշեց Մանսուրյանը:

Համերգի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Ռոբերտ Մլքեյանն էր: Մասնակցում էին Հայաստանի պետական կամերային երգչախումբն ու նվագախումբը: Օրվա մենակատարներն էին ՝ Իրինա Զաքյանը, Հենրիետա Հարությունովան, Քրիստինե Սահակյանը, Յանա Դարյանը և դաշնակահար Արթուր Ավանեսովը:
Մաեստրո Մանսուրյանի մոտ հիմա որոնումների շրջան է. անավարտ երազանք ունի՝ ուզում է հոգևոր երգերը մեծ համերգասրահ բերել:













Էմմա Վարդանյան
Լուսանկարները` Շուշ Անտոնյանի







