«Մարդն իր սխալների արդյունքում է հասունանում և հմտանում». Սոֆյան Պողոսյանի 29-ամյակի գաղտնի անակնկալը և տխրելու առիթը

18:55 • 20.10.17

 

 

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը. նա բոլորում է 29-ամյակը, ինչն առիթ հանդիսացավ, որպեսզի Tert.am Life-ը դերասանուհու հետ խոսի ընտանիքի, ձեռքբերումների, երազանքների մասին։

 

Սոֆյան նշեց, որ երբեք խնջույք չի կազմակերպել տարեդարձի առթիվ, սակայն շրջապատված է այնպիսի մարդկանցով, որոնք թույլ չեն տալիս, որ իր օրը հենց այնպես անցնի։

 

Այսօր դերասանուհին տարեդարձը կնշի ամենամտերիմ մարդկանց հետ, իսկ հաջորդ տարի` 30-ամյակին, վերջապես, մեծ խնջույք կկազմակերպի։ «Ամեն տարի ծնունդս չնախատեսված իրադարձություններով ու անակնկալներով լի է անցնում։ Այս տարի էլ անակնկալներ եղել են, սակայն նախընտրում եմ գաղտնի պահել դրանք։ Կարծում եմ` դա անձնական է»,– նշեց Սոֆյան։

 

 

Դերասանուհին երկվորյակ եղբայր ունի`Սիմոնը, որի հետ կիսում է տարեդարձի օրը։ «Մեր միջև ներքին կապ կա։ Նա ամենալավն է հասկանում ինձ այս աշխարհում։ Մենք շատ նման ենք մտածում։ Ամեն տարի միասին ենք նշում մեր ծնունդը, սակայն այս տարի այդպես չի լինելու»,– ասաց նա։

 

Իր ամենամեծ ձեռքբերումը Սոֆյան համարում է մեծ ու համերաշխ ընտանիքը, քրոջն ու եղբորը։ Ինչ վերաբերում է սեփական աշխատանքի միջոցով ունեցած հաջողությունները` դերասանուհին նշեց. ««Ես շատ ինքնաքննադատ եմ և չեմ կարող ասել, որ բավարարվում եմ իմ ձեռքբերումներով։ Գուցե, ուրիշի համար դա շատ է, ինձ համար` ոչ։ Միաժամանակ, ես միշտ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ»։

 

 

Ամեն տարին իր հետ բերում է նոր մտավախություններ։ ««Ես չեմ սիրում ծննդյանս օրը։ Այսքան տարի փորձել եմ հասկանալ՝ ինչու, սակայն չեմ կարողանում բացատրել։ Երևի թե, ինձ վրա ծանր է անդրադառնում այն հանգամանքը, որ ժամանակը շատ արագ է անցնում։ Ամեն տարի ծննդյանս օրն ամփոփում եմ անցածս ճանապարհը։ Երևի թե, դա է պատճառը, որ տրամադրություն չեմ ունենում։ Ինձ վախեցնում է, թե որքան արագ է ժամանակը թռչում։ Ես փորձում եմ ամեն ինչ հասցնել, սակայն այն միտքը, որ գուցե ինչ–որ բան պակաս եմ արել, վախեցնում է։ Տարիների ընթացքում կյանքի փորձը շատ կարևոր դեր է խաղում։ Յուրաքանչյուր մարդ իր սխալների արդյունքում է հասունանում և հմտանում։ Միաժամանակ, պետք է նշեմ, որ իմ կյանքի սկզբունքներից մեկն է ոչնչի համար չփոշմանել։ Հենց այնպես ոչինչ չի լինում։ Ամեն բան ունի իր պատճառաբանությունը...»,– ասաց դերասանուհին։

 

Սոֆյան ունի շատ երազանքներ, որոնք չի մոռանում մտապահել տարեդարձի օրը։ Դերասանուհու երազանքները թե՛ անձնական են, թե գործնական, սակայն երազանքների մասին չի բարձրաձայնում , որպեսզի իրականանան։

 

«Մարդն իր սխալների արդյունքում է հասունանում և հմտանում». Սոֆյան Պողոսյանի 29-ամյակի գաղտնի անակնկալը և տխրելու առիթը