Պայքար ինքնակայացման ճանապարհին. Թանկյանի «Օրկայի» հայաստանյան պրեմիերան ու երաժշտի հուզմունքը

13:15 • 20.10.17

 

Սերժ Թանկյանի յուրաքանչյուր այցը Հայաստան մեծ աժիոտաժ է առաջացնում. երեկ նրա արվեստի երկրպագուները հավաքվել էին Արամ Խաչատրյան համերգասրահում՝ ունկնդրելու կոմպոզիտորի «Օրկա» սիմֆոնիան՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ։ Հանդիսատեսի շարքերում էր նաև Թանկյանը։ Նա համերգի ընթացքին հետևում էր կառավարական օթյակից, որի դռների մոտ ընդմիջմանը հավաքվել էին երաժշտի երկրպագուներն ու լրագրողները։

 

Tert.am Life–ը ներկայացնում է միջոցառման հետաքրքիր դրվագները։

 

Արամ Խաչատրյանի անվան 5–րդ փառատոնի շրջանակում կայացած համերգի առաջին հատվածում նվագեց դաշնակահար Լևոն Կարապետյանը։ Մանուկ հասակում կուրացած երաժիշտը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ներկայացրեց Արամ Խարչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։

 

Խաչատրյանական երաժշտությունը միշտ էլ հոգեհարազատ է եղել հայ հանդիսատեսին, սակայն համերգի կուլմինացիոն պահը երկրորդ հատվածում էր։

 

 

Ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանի «Օրկայի» պրեմիերան Հայաստանում երկար սպասված էր։ Սիմֆոնիան ներկայացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Բեմում էր նաև Ջիվան Գասպարյան կրտսերը։

 

Այս անգամ Թանկյանն անդրադարձել է սիմֆոնիկ երաժշտության։ Ստեղծագործությունն իր մեջ չունի ռոքային տարրեր։ Հեղինակը օրկային՝ խոյադելֆինին, համեմատում է  մարդկանց հետ, ներկայացնում մարդկության պայքարը ինքնակայացման ճանապարհին։ Նուրբ մեղեդիներից ու զգացմունքներից մինչև պայքարի ուժը իրենց դրսևորումն են գտել երաժշտության լեզվով։ «Օրկան» մարդասիրության ու հաղթանակի մասին է։

 

 

4 բաժնից բաղկացած սիմֆոնիայի ընթացքին ուշի ուշով հետևում էր Թանկյանը։  Հայաստանյան պրեմիերայից հետո «Օրկան» արժանացավ հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններին։

 

«Հիանալի մի բան է, որ  իմ սիմֆոնիան Հայաստանում նվագում են այս գեղեցիկ երիտասարդները։ Շատ հիացա, տպավորվեցի և հուզվեցի։ Շատ շնորհակալ եմ Երիտասարդական նվագախմբին և Սերգեյ Սմբատյանին` սա ֆանտաստիկ աշխատանք է։Մեր երկրի գանձերը գետնի տակ չեն, մեր գանձերն այստեղ են»,– պրեմիերայից հետո բեմ բարձրանալով` ասաց Թանկյանը։

 

 

Լուսանկարները` Շուշ Անտոնյանի

Պայքար ինքնակայացման ճանապարհին. Թանկյանի «Օրկայի» հայաստանյան պրեմիերան ու երաժշտի հուզմունքը