Նունե Եսայան. «Բոլորս եկել ենք «Հայաստանի ձայնը» հաղթելու համար»
«Հայաստանի ձայնը» նախագծի չորրորդ եթերաշրջանն աչքի է ընկնում ժյուրիի խստությամբ։ Այս անգամ հաշված մասնակիցներ են եղել, որոնց դեպքում պտտվել են ժյուրիի 4 անդամները։ Tert.am Life–ը երգչուհի Նունե Եսայանի հետ զրուցել է ժյուրիի խստության, իր թիմի և ակնկալիքների մասին։
«Մենք չորսս էլ երաժշտական տարբեր մտածելակերպ ունենք։ Կատարողները ճիշտ մարզիչների մոտ են գնում։ Սևակի մոտ իր ոճի երեխաներ են, Արամեն իր տեսանկյունն ունի, Սոֆին` իր։ Այդ իսկ պատճառով մեկ–մեկ էինք պտտվում։ Ես չգիտեի, որ այդքան տաղանդավոր երեխաներ ունեինք։ Չգիտեինք` ում և ինչպես ընտրենք։ Սկզբում շատ զգույշ էինք ընտրության հարցում։ Իմ մասնակիցներն ամեն ոճում կարող են երգել, սակայն ավելի շատ շեշտը դնելու եմ հայերեն երգեցողության վրա»,– ասաց երգչուհին ու հավելեց, որ շատ ուժեղ թիմ է ձևավորել։
Եթերը նայելիս Նունեն հասկացել է, որ, իսկապես, ճիշտ ընտրություն են արել։

«Ես, համենայն դեպս, չեմ սխալվել իմ ընտրության հարցում։ Ես շատ լավ թիմ ունեմ։ Իմ տասը մասնակիցն էլ եղել են բավարար։ Բնականաբար, երկրորդ փուլում որոշակի առումով մաղվում են։ Հարցն այն չէ, որ թույլ մասնակիցներ են, պարզապես, կան բեմին պատրաստ և ոչ պատրաստ մասնակիցներ։ Հիմա կմնան այն մարդիկ, ովքեր կարողանում են լսել իմ խորհուրդներն ու իրենց չկորցնել բեմում»,– ասաց Նունեն։
Նրա խոսքով` մասնակիցների հետ անհամաձայնություններ չեն լինում. «Այն, ինչ ասում եմ, վստահորեն անում են։ Բնականաբար, անում են որոշ տոկոսը, որովհետև լիարժեք չեն կարող անել, երեխա են։ 1 ամսում չեն կարող սովորել այն, ինչ մենք տարիների ընթացքում ենք սովորել, սակայն մաքսիմումը փորձում են քաղել»։
Երգչուհուց հետաքրքրվեցինք`իր կարծիքով` մրցակից թիմերում կա՞ն մասնակիցներ, որոնցից արժե զգուշանալ. «Ես ֆիքսված եմ իմ մասնակիցների վրա, ուրիշ ոչինչ հաշվի չեմ առնում։ Կան լավ երեխաներ։ Մենք բոլորս եկել ենք «Հայաստանի ձայնը» հաղթելու համար։ Մեր հարաբերությունները հիանալի են, ոչ մի խնդիր չունենք, սակայն միևնույն է` յուրաքաչյուրս ուզում ենք, որ մեր թիմը հաղթի։ Չորսս էլ ամեն ինչ կանենք, որ մեր երեխան հաղթի։ Ամեն դեպքում ընտրությունը հանդիսատեսինն է։ Վստահաբար, ամեն ինչ լինելու է արդար»։

Նունեից հետաքրքրվեցինք` ինչ զգացողություն է ունենում, երբ ինքը պտտվում է, իսկ մասնակիցն իրեն չի ընտրում։ Նա նշեց, որ բոլորովին չի սրտնեղում։
«Շոուի կանոններն են, որ մենք փորձենք համոզել, սակայն ամեն մասնակից ճիշտ մարզչի է ընտրում։ Մենք համոզվեցինք, որ ամեն ինչ շատ ճիշտ է եղել։ Իսկ երկրորդ փուլում մարզիչները մեկական հնարավորություն ունեն` փրկելու մասնակիցներից որևէ մեկին և տանելու իրենց թիմ»,– եզրափակեց երգչուհին։







