«Դերասանը կարող է լավ խաղալ քասթինգին, սակայն զգաս, որ չես կարող ճանապարհն անցնել իր հետ». Մհեր Մկրտչյանը` նոր կատակերգության և դերասանների ընտրության մասին
Նոր կատակերգություն հայկական շուկայում, որն էկրան կբարձրանա 2018 թվականի գարնանը։ Այս օրերին ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նկարահանում է «Լյուվիգ անունով ոզնին» աշխատանքային վերնագրով ֆիլմը, որի նկարահանումներն անցնում են Երևանում և Գառնիում։ Tert.am Life–ը ներկա է եղել նկարահանումներին և իր ընթերցողներին է ներկայացնում լուսանկարներ նկարահանման հրապարակից և հարցազրույց ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ։
Սամվել Թոփալյանի, Արծրուն Չոբանյանի, Անի Ղազարյանի, Ժան Նշանյանի, Գեորգի Հովակիմյանի, Մարինա Մնացականյանի, Անի Ամիրյանի, Գուրգեն Սարգսյանի, Քրիստինա Հովակիմյանի, Արփինե Իսրայելյանի, Անի Խաչիկյանի և այլ դերասանների մասնակցությամբ կատակերգությունն իրենից ներկայացնում է մի քանի ժանրի միքս։ Եթե «Կյանք ու կռիվը» դրամատիկ ֆիլմ էր, որը համեմված էր հումորով, ինչպես կյանքում է լինում, «Լյուդվիգ անունով ոզնին» կատակերգություն է, որը կարող է նաև հուզել հանդիսատեսին։
«Յուրաքանչյուր հումոր պետք է լինի սցենարային դրամատուրգիայի մեջ։ Այս ֆիլմը կառուցված չէ իրավիճակների, պահի տակ ծիծաղ առաջացնելու վրա, ամեն ինչ պետք է ունենա իր հիմքը։ Դա միշտ ավելի հետաքրքիր է։ Ֆիլմում տարբեր ժանրեր են խառնված. սա և՛ ռոմանտիկ կատակերգություն է, և՛ ունի իր դրամատիկ հուզիչ գիծը։ Հուսով եմ` նույնիսկ էմոցիաներ և արցունք առաջացնել հանդիսատեսի մոտ։ Կա նաև աբսուրդ, հեքիաթ, որի հիմքում օգտագործված է Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը։ Սա իմ կենսագրության մեջ առաջին դեպքն է, երբ տարբեր ժանրեր խառնված են մի ֆիլմում»,– ասաց ռեժիսորը։
.png?1509449310521)
Յուրաքանչյուր ֆիլմ նկարահանվում է հանդիսատեսի համար, ուստի` կարևոր է նաև նրա կարծիքը։ Հաճախ, հենց այս արդարացմամբ կոմերցիոն շեշտերն այնքան շատ են լինում, որ տուժում է ֆիլմի որակը։ Մհեր Մկրտչյանն այս մասին ունի իր տեսլականը. «Ես միշտ հիշում եմ Սոս Սարգսյանի խոսքը։ Իր հարցազրույցներից մեկում նա ասել է` դուք չեք անում այն, ինչ ժողովուրդն է ուզում, ուղղակի ժողովրդին իջեցնում եք ձեր ցածր մակարդակին։ Սոս Սարգսյանի այս խոսքերն ինձ համար շատ մեծ նշանակություն ունեն։ Միգուցե, ես կարողանամ ավելի քիչ ծիծաղեցնել հանդիսատեսին, քան դա կհաջողվի ուրիշներին, սակայն որակը պահպանելն ինձ համար առաջնային է։ Ոչ մի վատ բան չասելով մյուսների մասին, որովհետև յուրաքանչյուրը նկարահանում է այն ֆիլմը, որը համարում է ճիշտ և կարողանում է նկարահանել, պիտի նշեմ, որ ինձ համար շատ կարևոր է տալ որակ»։
Նկարահանման հրապարակում Մհեր Մկրտչյանը պահանջկոտ է, իր ուզած արդյունքը ստանալու համար նա կարող է մի տեսարանը նկարահանել տասնյակ անգամ, միաժամանակ, նկարահանման հրապարակում չկա լարվածություն և վախ ռեժիսորից։ Ինչպես ֆիլմում, նրանց զրույցները համեմված են կատակներով։ Տպավորություն է, որ Մհերի շուրջ հավաքված են իր տեսակի մարդիկ. «Այս խմբի հետ առաջին անգամ չեմ աշխատում։ Ես խիստ չեմ։ Խմբում սուբորդինացիայի խնդիր չկա, սակայն ռեժիսորը պետք է ստանա այն արդյունքը, որին ձգտում է: Եթե դրան խանգարող որևէ հանգամանք չկա ոչ դերասանների, ոչ էլ նկարահանող խմբի կողմից, անիմաստ խստություն խաղալն ուղղակի «պոնտ» է, ոչ ավելին»։
.png?1509449330300)
Ռեժիսորը դերասանների հետ հանդիպումներ է ունենում մինչև նկարահանման հրապարակ հասնելը, հենց այդ զրույցների ժամանակ էլ մշակվում են երկխոսությունները։ «Դիալոգները կենդանացվում են նկարահանումից առաջ։ Եթե դերասանն առաջարկում է մի բան, որն ավելի լավն է, քան քո գրածն ու պատկերացրածը, ընդունում ես առաջարկը»,– ասաց նա։
Դերասանական կազմի ընտրությունը Մհեր Մկրտչյանը մանրակրկիտ է անում։ Նա աշխատում է երիտասարդ դերասանների հետ, որոնք նոր են սկսում իրենց քայլերը, հանրությանը մի շարք անուններ հայտնի դարձան հենց իր ֆիլմերով, միաժամանակ, արդեն հայտնի դերասանների շրջանում ունի ձևավորված թիմ, որոնց հետ շարունակում է աշխատել։ Պարբերաբար նույն դերասանների հետ աշխատելը, ըստ ռեժիսորի, խնդիր չէ, եթե նրանց այլ տեսանկյունից ներկայացնելու հնարավորություն կա։
«Այս պահին աչքիս առաջ Սամվել Թոփալյանն ու Անի Ղազարյանն են։ Եթե իրենցից որևէ մեկի մոտ կրկնվի նույն կերպարը, ինչ նախորդ ֆիլմում էր, դա խնդիր է, սակայն իրենք նույնը չեն, հակառակը, ես գտնում եմ ճանապարհներ` դիապազոնը լայնացնելու, բացելու։ Ամեն դեպքում ռեժիսորն ունի իր կարծիքը։ Միգուցե շատերը նեղանան, սակայն այսօրվա դրությամբ որպես գլխավոր հերոս` Սամվել Թոփալյանի տարիքային խմբում ես չունեմ այլընտրնաք իմ պատկերարած կինոյում»,– ասաց նա։
.png?1509449438186)
Ի դեպ, գլխավոր հերոսի կերպարը խաղալու համար քասթինգի ժամանակ Մհեր Մկրտչյանը դիտարկել է Սամվել Թոփալյանին և Արծրուն Չոբանյանին, սակայն Արծրունին բաժին է հասել այլ կերպար։
«Ես քասթինգի ժամանակ եմ կողմնորոշվում ընտրությանս հարցում, եթե, իհարկե, սցենարը հատուկ գրված չի եղել դերասանի համար։ Քասթինգը միայն դերասանների համար չէ, նաև ռեժիսորի համար է, որովհետև զգում ես քեզ համար կարևոր մի բան` կարո՞ղ ես այդ ճանապարհն անցնել այս դերասանի հետ, թե՞ ոչ։ Կարող է դերասանը քասթինգի ընթացքում շատ ավելի լավ և շնորհքով խաղալ տվյալ հատվածը, սակայն դու զգաս, որ չես կարող ճանապարհն անցնել այդ դերասանի հետ»,– նկատեց ռեժիսորը։
Մհեր Մկրտչյանի ֆիլմերում նկատելի է նվազագույն դիմախաղ։ Դերասանները դեմքը ծամածռելով չեն փորձում ապացուցել, որ իրենք շատ բարի են կամ չար, փոխարենը պետք է զգացողությունները փոխանցեն աչքերով։ Նվազագույն դիմախաղ, առավելագույն ապրումներ, թերևս, այսպես կարելի է բնորոշել նրա ֆիլմերը։ Կինոյում, ինպես կյանքում. սա է Մհեր Մկրտչյանի բանաձևը. «Երբ կյանքում մենք շփվում ենք, առանց դիմախաղի ենք խոսում։ Ֆիլմը կյանք է. կյանքում չկա գերխաղ, ուրեմն չկա և կինոյում։։ Ամեն գերխաղ բերում է վատ իմաստով թատրոնի, որն իմ կինոն չէ»։
.png?1509449891687)
.png?1509450032941)
.png?1509450044574)
.png?1509449899249)
.png?1509449906855)
.png?1509449915113)
.png?1509449922488)
.png?1509449934453)
.png?1509449941735)
.png?1509449951850)
.png?1509450017472)
.png?1509449963209)
.png?1509449840052)
.png?1509449866146)
.png?1509449878844)
.png?1509449849078)
.png?1509449819988)
.png?1509450150018)
.png?1509450096268)
Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի







