«Մեգին իրենց Աստվածն է». Իրինա Թովմասյանը` աղջիկների, 2 դայակ պահելու պատճառի և ամեն ինչ հասցնելու գաղտնիքի մասին

17:59 • 03.11.17

 

Հայտնի կանանցից շատերը երեխա ունենալուց հետո սկսում են պասիվ գործունեություն ծավալել, քանի որ չեն հասցնում համատեղել աշխատանքն ու փոքրիկի խնամքը։ Որքան էլ տղամարդիկ կարծում են, որ տնային տնտեսուհի լինելը մեծ աշխատանք չի ենթադրում, կանանց ուսերին պարտականությունների մեծ շարան կա։ «Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանը 3 երեխա ունի, սակայն հասցնում է ամեն ինչ` փոքրիկների խնամք, նրանց համար հետաքրքիր զբաղմունքներ մտածել և ակտիվ հասարակական կյանք վարել։

 

Tert.am Life–ի հետ զրույցում Իրինան բացահայտել է ամեն ինչ հասցնելու իր 5 կանոնը.

 

Վաղ արթնանալ։ Եթե 5-ից ուշ արթնանամ, շատ բան չեմ հասցնի։ Ես չեմ  պատկերացնում` ինչպես կարելի է քնել, օրինակ, մինչև 9–ը։ Տան մաքրություն, խոհանոցային գործեր, ուտեստների պատրաստում... ամեն ինչ անում եմ առավոտյան` մինչև աշխատանքի գնալը։ Ես քնում եմ երեխաների հետ` երեկոյան 9-10–ին։ Իհարկե, խոսքս այն օրերի մասին չէ, երբ ինչ–որ տեղ ենք գնում։

 

 

Գրառումներ։ Ունեմ գրքույկ, որտեղ առավոտյան ամեն ինչ մանրակրկիտ նշում եմ ու օրվա  ընթացքում «+»-ներով առաջ գնում։ Սառնարանին ևս փակցված է գրառումների թուղթը, որպեսզի դայակներն էլ չմոռանան, օրինակ, կոնկրետ այս ճաշիկը պատրաստել, ատամիկը լվանալ և այլն։

 

Արագաշարժություն։ Եթե արագաշարժ չլինես, ծրագրածիդ 20%–ն էլ չես հասցնի անել։ Օրս և շարժմանս ուղղություններն այնպես եմ դասավորում, որ նույնիսկ խցանումների մեջ չընկնեմ։ Ես հարմարեցված եմ ապրում, խոհանոցում ունեմ կտրատող սարքավորումներ, որ շատ երկար ժամանակ չծախսեմ։ Երեխաներս իմ ոգեշնչման աղբյուրն են։ Այն, որ հեսա պետք է տեսնեմ երեխաներիս կամ խոստացել եմ ինչ–որ տեղ տանել, օգնում է կրկնակի արագությամբ անել ամեն բան։ Իրենք երեքն էլ իմ մոտիվացիան են։

 

Սպորտով զբաղվել։ Նվազագույնը շաբաթվա 4 օրը սպորտով եմ զբաղվում։ Կարծում եմ` դա նույնպես օգնում է օրս ավելի լավ կազմակերպել, ինձ առույգ ու լավ զգալ։

 

 

Ամուսնուն աչքաթող չանել։ Մենք շաբաթվա ընթացքում գոնե 2 օր ինչ–որ տեղ ենք գնում։ Տարվա ընթացքում 1 շաբաթ կամ 10 օր երկուսով ենք գնում քաղաքից դուրս` հանգստանալու։ Երկուսով ժամանակ անցկացնելը կարևոր է, թեև ամուսինս էլ է սիրում տանը երեխաների հետ ժամանակ անցկացնել։ Դա մեր ամենասիրելի ժամանցի ձևն է, որովհետև երբ առանց երեխաների ենք դուրս գալիս, կարոտից մեռնում ենք։

 

Ի դեպ, Իրինան տանը 2 օգնական ունի։ Չնայած դրան` նա ամեն բանի անձամբ է հետևում։ «Երեխաները չեն տուժում, իրենք տատիկի պես սիրում են դայակներին, դրա համար իմ սիրտը հանգիստ է։ Երեխաներս բավականին չարաճճի են, դրա համար 2 դայակ ունենք։ Ցերեկվա ակտիվ ժամերին երկուսն էլ մեր տանն են լինում, իսկ առավոտյան ու երեկոյան ժամերին մեկը շուտ է գալիս, մյուսն ուշ է գնում։ Աղջիկներս տարբեր պարապմունքների են գնում, որպեսզի բազմակողմանի զարգացած մեծանան»,– ասաց նա։

 

Իրինան նաև նշեց, որ ավագ դուստրը` 15-ամյա Մեգին է իրեն շատ օգնում, հատկապես, աշխատանքի հարցում։ «Երեխաների խնամքի հարցում Մեգիի` ամենամեծ ու ուրախալի օգնությունը նրանց հետ խաղալն է։ Դրանից մեծ օգնություն լինել չի կարող։ Մեգին երեխաների ամենամեծ ուրախությունն է։ Նրանք շատ են սիրում Մեգիին ու լսում են նրան, իրենց Աստվածն է։ Եթե, օրինակ, չեն ուզում ուտել, Մեգին ասում է, սկսում են ուտել։ Ամենաշատը մեծ քույրիկին են սիրում, ինչ մամա, ինչ պապա»,– եզրափակեց գեղեցկուհին։

 

 

«Մեգին իրենց Աստվածն է». Իրինա Թովմասյանը` աղջիկների, 2 դայակ պահելու պատճառի և ամեն ինչ հասցնելու գաղտնիքի մասին