Կամո Սեյրանյանի որդու անակնկալ ելույթը, հայտնի հյուրերն ու մենահամերգի մյուս հետաքրքիր պահերը
Դուդուկը միայն տխուր առիթներով չպետք է օգտագործվի. տարիներ շարունակ իր գործունեությամբ հենց սա է ապացուցում դուդուկահար Կամո Սեյրանյանը։ Երաժիշտը արտերկրի շատ բեմերում է ներկայացել, սակայն երեկ՝ նոյեմբերի 5-ին, կայացավ նրա առաջին երևանյան մենահամերգը, որի հետաքրքիր պահերն ու հայտնի հյուրերին ֆիքսել է Tert.am Life–ը։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դուդուկահար Կամո Սեյրանյանը ներկայացավ Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հետ` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Հատուկ այս մենահամերգի համար ԱՄՆ-ից Հայաստան էր ժամանել Forbidden Saints խումբը։
Դուդուկահարի ելույթներն ուղեկցվում էին բեմականացումներով։ Նրա հետ ելույթ ունեցան Օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի արտիստները, «Բերդ» պարային համույթը և Սոֆի Դևոյանի Պարի և հոգու թատրոնը։ Երեկոն վարում էր Ավետ Բարսեղյանը։

Մենահամերգի ընթացքում հնչեցին ոչ միայն արդեն հայտնի ստեղծագործություններ, այլև պրեմիերաներ։ «Շատ հուզված եմ ու ուրախ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես այսօր կփորձեմ ավելի շատ նվագել, քան խոսել, որովհետև խոսելն ինձ մոտ չի ստացվում»,– նշեց դուդուկահարն ու անցավ «գործի»։
Երեկոյի ամենամեծ անակնկալը, թերևս, Կամո Սեյրանյանի որդու ելույթն էր։ Մեծանալով երաժշտական ընտանիքում` Լևոն Սեյրանյանը չէր կարող զերծ մնալ երաժշտությունից։
«Լևոնիկն առաջին անգամ մեծ բեմ է բարձրացել»,– ասաց հայրն ու նստեց հանդիսատեսի շարքերում` հուզմունքով հետևելով որդու ելույթին։ Երգն ավարտելուց հետո Լևոնն իր հերթին շնորհավորեց հորը` առաջին մենահամերգի առթիվ։

































Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի







