«Տարիքից չեմ վախենում». Նարինե Պետրոսյանի տարեդարձի անակնկալն ու երազանքը

18:44 • 08.11.17

 

Դրամատիկական թատրոնի դերասանուհի Նարինե Պետրոսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Դերասանուհին բոլորում է 32 տարին, ինչի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։ Tert.am Life–ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ պարուրված է ընտանիքի ու ընկերների սիրով ու ջերմությամբ։

 

Դերասանուհուն անակնկալ են մատուցել դուստրերը` 9–ամյա Աելիտան ու 6-ամյա Անին։ «Վաղ առավոտյան իրենք ինձ նվիրեցին իրենց պատրաստած ձեռագործ աշխատանքը։ Թղթի վրա մեծ գրել էին` շնորհավոր, գեղեցիկ մաղթանքներ հղել, ժապավեներով կապել։ Շատ հաճելի էր»,– ասաց դերասանուհին, ում կրտսեր դուստրը դեռ 1 տարեկան է և չի հասկանում, որ մայրիկի ծնունդն է։

 

Ամուսնու շնորհավորանքն ու նվերը բացահայտել Նարինեն չցանկացավ, համարում է, որ դա անձնական է։ Հարցին` ի՞նքն է նախապես հուշում, թե ինչ նվեր է ակնկալում, թե՞  ամուսինն է ընտրություն անում, Նարինեն դժվարացավ միանշանակ պատասխանել։ Ըստ նրա`ամեն անգամ մի կերպ է լինում։ «Ամուսինս ամբողջ տարվա ընթացքում է ինձ ուշադրությամբ  շրջապատում, իսկ դա շատ կարևոր է կնոջ համար»,– նկատեց դերասանուհին։

 

 

Տարեդարձի օրը Նարինեն  կնշի ընտանեկան միջավայրում։ Այսօր հատուկ երազանք նա չի մտապահում, սակայն երազել չի դադարում։ Նարինեն նշեց, որ երազում է ներդաշնակության մասին, որպեսզի չկորցնի ներքին խաղաղությունը։

 

Իր ամենամեծ ձեռքբերումը երիտասարդ մայրիկը համարում է իր ընտանիքն ու աշխատանքային հաջողությունները։ Ընտանիքը, իհարկե, առաջին տեղում է։ Լավ ընտանիք ունենալու համար Նարինեն ունի իր բանաձևը`  լինել անկեղծ։ Իր կյանքի 32 տարիների ընթացքում ամենակարևոր բանը, որ հասկացել է դերասանուհին, սիրով ապրելն է։ «Հասկացել եմ, որ ամենակարևորը սիրով լինելն է։ Պետք է  սիրել կյանքը, գնահատել միմյանց»։

 

Կյանքի ընթացքում բացթողումներ էլ է ունեցել, դա բնական է, սակայն չի բացահայտում։ Նա կփորձի շտկել դա լուռ։

 

 

Ինչ վերաբերում է կանանց շատ հուզող հարցին` տարիքի հետ կապված մտավախություններին Նարինեն այդպիսիք չունի։

 

«Ես տարիքից ու արտաքինից չեմ վախենում։ Յուրաքանչյուր կին էլ միշտ ուզում է լինել ցանկալի, գրավիչ, սակայն կարծում եմ` շատ ավելի կարևոր է հետաքրքիր լինել։ Միգուցե, տարիքի հետ արտաքինդ ինչ–որ չափով հետին պլան է մղվում, բայց եթե դրա հետ մեկտեղ փորձդ, իմաստությունդ ավելանում են, հոգ չէ։ Կարծես, Սոֆի Լորենն էսպիսի մի խոսք ուներ, որ 20 տարեկանում կարելի է լինել գեղեցիկ, 70–ում` անկրկնելի։ Միգուցե, դեմքիդ 1-2 կնճիռ ավելանա, սակայն որպես անհատականություն` շատ ավելի գրավիչ ու ներկայանալի լինես։ Ես օրինակ էլ ունեմ աչքիս առաջ` դերասանուհի Էվելինա Շահիրյանը, ում յուրաքանչյուր  տարիքում նայում ես, բարի, դրական էներգիա ես ստանում։ Շատ կարևոր է, թե ինչպես ես ապրում կյանքդ»,– եզրափակեց դերասանուհին։

 

«Տարիքից չեմ վախենում». Նարինե Պետրոսյանի տարեդարձի անակնկալն ու երազանքը