«34-ամյակս նշում եմ այնպես, ինչպես երբեք չեմ նշել». Հրաչ Մուրադյանը` անակնկալների, անձնականի ու երջանկության մասին

14:31 • 10.11.17

 

Հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանն այսօր նշում է 34–ամյակը։ Պարզվում է` այս տարի նա որոշել է լուրջ փոփոխություններ անել ու 34–ամյակը նշել այնպես, ինչպես երբեք չի արել։  Tert.am Life–ը հետաքրքիր զրույց է ունեցել հոբելյարի հետ։

 

Հրաչին առաջինը շնորհավորել են ամենամտերիմ մարդիկ։ «Հարազատների ջերմության մեջ եմ եղել, ինչը գործի բերումով հաճախ պակասում է։ Կեսգիշերին մոտ եկա տուն։ Միտումնավոր չէի արել, այդպես ստացվեց։ Ինձ հարազատ մարդիկ, ընտանիքիս անդամներն ինձ դիմավորեցին տորթով, շնորհավորանքներով։ Մի քիչ նստեցինք, ու ես քնեցի,– ասաց նա ու հավելեց, որ որոշել է տարեդարձը սկսել ինքն իրեն նվերներ մատուցելով։ –Ամենամեծ նվերը, որ ինձ մատուցել եմ, 8 ժամ քնելն էր, վերջին տասնամյակում նման բան, երևի, չէր եղել»։

 

Պարզվում է` այսօր Հրաչը պետք է լիներ ինքնաթիռում, սակայն որոշել է փոխել իրադարձությունների հունը։ «Տարեդարձիս օրվա մեծ մասը պետք է լինեի ինքնաթիռի մեջ, քանի որ այսօր պետք է մեկնեի ԱՄՆ։ Սակայն ես հասկացա, որ եթե մեկ օր ուշ մեկնեմ, աշխարհի վերջը չի գա. ես անընդհատ գնում եմ ինչ–որ բանի հետևից ու չեմ անում այն, ինչ ուզում եմ։ Այսօր որոշել եմ  անել մի բան, ինչ երբեք չեմ արել՝ ապրել առանց գրաֆիկի։ Ինձ տվել եմ բացարձակ ազատություն և օրվա ընթացքում անելու եմ այն, ինչ ուզում եմ։ 34-ում, երևի, մի քիչ էլ պետք է քո մասին մտածես, որովհետև մինչև 34 տարեկան, ես շատ ավելի մտածել եմ այլ բաների մասին։ Կյանքումս առաջին անգամ հասկացա, որ սա իմ օրն է»,– ոգևորությամբ ասաց հաղորդավարը։

 

 

Հրաչին առավոտյան լավ տրամադրություն է պարգևել գործընկերների անակնկալը։ ««Կիսաբացի» երեխաներս ինձ շատ  ուրախացրին։ Գիշերն ինձ վիդեոշնորհավորանք էին ուղարկել, որն  առավոտյան տեսա ու շատ ուրախացա։ Հուզմունքային, հավես տեսանյութ է»։

 

Պրոդյուսերը որոշել է 34–ամյակը տոնել փոքր, բայց ջերմ միջավայրում։ «Առավոտյան որոշեցի, որ այս տարի ծնունդս կնշեմ ինձ շատ հարազատ մարդկանց  հետ։ Ուզում եմ տեսնել ինձ հարազատ մարդկանց, չխոսել աշխատանքից։ Շատ փոքր խումբ է հավաքվելու։ Նույնիսկ  չեմ որոշել, թե ուր ենք գնալու։ Ինչքան հիշում եմ ծնունդներս, աղմկոտ խնջույքներ են եղել։ Նախորդ տարի 500 հյուր եմ ունեցել ծննդի, այս տարի որոշել եմ բացառություն անել»,– ասաց նա ու հավելեց, որ դա պայմանավորված է այն խաղաղությամբ, որը բերում է 34–րդ տարեդարձը, այն ներքին հոսանքներով, որ կան իր ներսում։

 

Չնայած Հրաչը խոսում է 34-ի փոփոխությունների մասին, պարզվում է` իրեն 34 տարեկան չի զգում։ «Ես ինձ միշտ զգացել եմ 27 տարեկան, նույնիսկ, երբ 21 տարեկան էի։ Այն ժամանակ ինձ ասում էին` շատ մեծ ես` «ձյաձյա» ես, հիմա էլ ասում են` շատ երիտասարդ ես։ Շարունակելու եմ ինձ զգալ 27 տարեկան, մինչև  հասկանամ, որ տարիքս փոխվել է»,– նշեց նա։

 

 

Իրեն 27 տարեկան զգալը չի նշանակում, որ Հրաչը վախենում է տարիքից։ Ըստ նրա` ապրած տարիները կարողացել է այնպես օգտագործել, որպեսզի դրանցից չվախենա։ «Մարդիկ տարիքից վախենում են այն ժամանակ, երբ իրենց ապրած տարիների ընթացքում կարևոր, մնայուն, իրենց համար ճիշտ բան չեն կարողացել անել։ Փառք Աստծո, ես յուրաքանչյուր քայլիս համար գնահատված եմ կյանքի կողմից։ Իմ ընտանիքի, ընկերների կողմից սիրված եմ։ Ես երբեք չեմ մտածել, որ կորցրած  տարիներ ունեմ։ Իհարկե, ունեմ սխալներ, հետաքրքիր պահեր, վերելքներ, վայրէջքներ, բայց ոչ կորցրած տարիներ։ Ես հիմա կենտրոնացած եմ, որ կյանքը վայելեմ այն վաստակով, որը կուտակել եմ։ Գուցե, հաջողվի դա կրկնապատկել, գուցե, կարողանամ աշխատանքի առումով հայտնվել ավելի բարձր հորիզոնականներում։ Կենտրոնանում եմ աշխատանքի  վրա, որովհետև չգիտեմ` ինչքան ավելի մեծ կարող է լինել հարազատների ու ընկերների սերը»,– ասաց նա։

 

Յուրաքանչյուր մարդու լիարժեք երջանկության համար պետք է նաև անձնական կյանք։ Հրաչի հետ զրույցում հետաքրքիր բացահայտում արեցինք։ «Ես շատ գոհ եմ իմ անձնական կյանքից։ Հիմա ունեմ հրաշալի անձնական կյանք և ինձ թվում է` դրա հրաշալի լինելու նախապայմաններից մեկն այն է,որ  այն հանրային չէ։ Ես ինձ հետ ներդաշնակ եմ,– ասաց նա, իսկ հստակեցմանը` սա նշանակում է, որ ընտրյա՞լ ունի, անուղղակի պատասխան տվեց,– Քանի դեռ անձնականս փակ է, շատ լավ է թե իմ, թե, գուցե, իր համար։ Թող 35–ում էլ լինի այս նույն ներդաշնակությունը և իրեն չդարձնենք հանրային»։

 

Հաղորդավարը չի դադարում իր համար նոր նպատակներ սահմանել։ Հիմա նա ուզում է հասնել ավելիին։ «Ես աշխատասեր եմ։ Ինչ էլ լինի, ես գործի մարդ եմ։ Ուզում եմ ավելին անել։ Ինձ համար, իրականում, երջանկություն է երջանկություն տալը։ Ինչքան հնարավորություն ունենամ դա անելու, այնքան  ավելի լավ կզգամ ինձ»,– եզրափակեց նա։

 

«34-ամյակս նշում եմ այնպես, ինչպես երբեք չեմ նշել». Հրաչ Մուրադյանը` անակնկալների, անձնականի ու երջանկության մասին