«Սա արժանապատվության հարց է». Ժակը` իր երեխային նպաստի իրավունքից զրկելու դեմ բողոքի մասին

15:34 • 16.11.17

 

Հաղորդավար Ժակի ընտանիքին զրկել են երեխայի ծննդյան միանվագ 50.000 և խնամքի ամսական 18000 դրամից։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ երկրորդ երեխայի ծննդից հետո ժամանակ չեն ունեցել դիմում ներկայացնել գումարը ստանալու համար, հիմա պարզվում է, որ արդեն ուշ է, սակայն իրենց որևէ մեկը չէր իրազեկել այդ մասին։ Հենց սա էլ իրեն զայրացրել է։

 

«Իմ ամբողջ բողոքը նրա համար է, որ մյուս ընտանիքներն ուշադիր լինեն, որովհետև այդ գումարը ստանալու համար կան  որոշակի ժամկետներ։ Ինքս, լինելով լրատվամիջոցի ներկայացուցիչ, խնդրի առաջ կանգնեցի, քանի որ տեղեկացված չէի։ Մասնավոր զրույցում ինձ բացատրեցին, որ պետությունը ենթադրում է, եթե ընտանիքը չի դիմում գումարը ստանալու համար, ուրեմն ապահոված է։ Եթե պետությունը համարում է, որ պատահաբար կամ միտումնավոր այդ հնարավորությունը բաց են թողնում ապահով, հարուստ ընտանիքները, թող պաշտոնապես այդ գումարներն ուղղի բարեգործության»,– ասաց Ժակը` հավելելով, որ ինքն, իսկապես չունի գումարային խնդիր, սակայն ուզում է իր երեխայի հասանելիք գումարը նպատակային ծախսվի։

 

 

Ժակի դուստրն արդեն 1 տարեկան է։ Նա չունի ֆինանսական ապահովության խնդիր, սակայն այլ ընտանիքների համար դա կարող է լուրջ գլխացավանք դառնալ։ 

 

Հաղորդավարը սրտնեղել է, որ Հայաստանում օրենքները կիրառվում են օրինապահ քաղաքացիների համար։ Երբ քաղաքացին պետք է վճարում անի, ծանուցման տարբերակը գործում է, երբ պետությունը պետք է գումար տա, չի իրազեկում։

 

«Քաղաքացուն տեղեկացնելու մեխանիզմ պետք է լինի։ Այն, որ լրատվական ալիքներով 2 հարցազրույց է եղել կամ Սոցապ նախարարության կայքում նյութ է տեղադրվել, քիչ է։ Պետք է լինի անհատական իրազեկման տարբերակ։ Եթե մարդը չի դիմում գումարը ստանալու համար, պետք է նրան տեղեկացնել, որ սահմանված ժամկետում չդիմելու դեպքում այլևս չի կարող ստանալ հասանելիք գումարը։ Մի ամբողջ համակարգ է աշխատում, ինչպես կարելի է իրազեկման որևէ տարբերակ չունենալ»,– ասաց  նա։

 

 

Ըստ էության` Ժակին զայրացրել է այն հանգամանքը, որ իր փոխարեն որոշում է կայացվել։ Խնդրի լուծումը հաղորդավարի համար սկզբունքի և արժանապատվության հարց է դարձել։ «Եթե պետական մարմնի վրա ազդեցություն լինի, դա ինձ համար  հարյուրապատիկ ավելի թանկ կլինի այն գումարից, որը պետք է վճարեին իմ երեխային»,– ասաց նա։

 

«Սա արժանապատվության հարց է». Ժակը` իր երեխային նպաստի իրավունքից զրկելու դեմ բողոքի մասին