Հայտնիները՝ Արա Երնջակյանի նոր «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացման փակ դիտմանը

12:40 • 16.11.17

 

«Չկա տղամարդ, չկա պրոբլեմ». սուրճի սեղանի շուրջ կանայք հաճախ են անում այս արտահայտությունը, հետո անցնում առօրյա գործերին, երբեմն, հիշելով, որ երջանիկ են, երբեմն, դժգոհելով իրենց կարգավիճակից։ Իսկ ինչ կլինի, եթե կանայք որոշեն ղեկավարել աշխարհը։ Պարզվում է` սկզբի համար կգրավեն Կամերային թատրոնի բեմը, կխափանեն ներկայացումը, հավաք կանեն, կդիմեն Ազգային ժողով, իսկ վերջում կհիշեցնեն, որ կանայք երբեք չեն փայլել սառը դատողությամբ ու սթափ մտածողությամբ։

 

Երևանի Կամերային թատրոնում երեկ կայացավ «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» նոր ներկայացման փակ դիտումը, որին ներկա է եղել Tert.am Life-ը։

 

Արա Երնջակյանն իր նոր ներկայացումը համարում է հոռետեսական կատակերգություն։ Ասում է` իմաստ չունի, նույնիսկ, լուրջ խնդիրը հանդիսատեսին ներկայացնել  դեմքի լուրջ արտահայտությամբ։  « Դա հետաքրքիր չէ։ Այդ ներկայացումները շատ շուտ կորցնում են իրենց արդիականությունը։ Ամենալուրջ թեմայի մասին կարելի է խոսել թեթև»,– նշեց նա։

 

 

Դիտարկմանը, որ բռնության ենթարկված կանայք առաջացնում էին հանդիսատեսի ծիծաղը, արդյոք սա ծաղրանք չէր նրանց հանդեպ, Երնջակյանն արձագանքեց, որ  բռնության ենթարկվող կնոջը ծաղրելն անբարոյական է. «Ես ծաղրել եմ ՄԱԿ–ի հայտարարությունը, որ Հայաստանում ամեն երրորդ կին բռնության է ենթարկվում։ Չի կարող նման բան լինել։ Ինչ հաշվարկ կարող ես անել, որ ամեն երրորդ կինը բռնության է ենթարկվում։ Ես դա չեմ ընդունում։ Կարծում եմ` դա պետք է ծաղրել»։

 

Ռեժիսորն ի սկզբանե այս ներկայացումը բեմադրել էր իր ուսանողների համար, հետո այն բերեց Կամերային թատրոնի բեմ և իր ուսանողներին` Արմինե Նազարի–Դեխնավիին և Սոֆյա Սողոմոնյանին միացան թատրոնի դերասանուհիներ Էվա Խաչատրյանն ու Նոննա Գրիգորյանը։ Ներկայացումը կխաղան երկու կազմով։ Երկրորդ խմբում են Քեթրին Մանասյանը, Անի Լուպեն, Հրաչուհի Ամիրյանը և Հասմիկ Դանիելյանը։

 

 

Աշխարհը կառավարել ցանկացող կանանց մասին ներկայացումն ինտերակտիվ է. տղամարդկանց դերերը բաշխված են հանդիսատեսի միջև։ Դերասանուհիներն իրենց հերոսներին ընտրում են հենց հանդիսատեսի շարքերից։

 

Երնջակյանն ասում է, որ առաջին օրվա արդյունքից գոհ է` հաշվի առնելով, որ դերասանուհիներն  անփորձ էին, ներկայացումից` ոչ։ Մի քանի անգամ խաղալուց հետո ամեն ինչ իր տեղում կլինի։

 

Լուսանկարները՝ Գևորգ Խուրշուդյանի

Հայտնիները՝ Արա Երնջակյանի նոր «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ներկայացման փակ դիտմանը