Թաթա Սիմոնյանի ու Սոսո Պավլիաշվիլիի կատարմամբ I Just Called To Say I Love You երգը` «Նվագախմբի երեխաները» մյուզիքլում
«Նվագախմբի երեխաներն» ամեն կիրակի ժամը` 13–ին, նոր արկածներ են փնտրում Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում։ Այս անգամ պատանեկան արկածները նրանց հասցրել են երգիչներ Թաթայի և Սոսո Պավլիաշվիլիի մոտ։ Թե ինչպես են հայտնի երգիչները հայտնվել պատանեկան նախագծում, Tert.am Life–ը պարզեց «Նվագախմբի երեխաների» երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանից։
«Հերթական սերիայում աստղային հիվանդությունը տանում է գլխավոր հերոսներից մեկին։ Նրա ընկերը` Վինչը, տեխնոլոգիաներին լավ տիրապետելու շնորհիվ նոր սարք է ստեղծում, որի օգնությամբ գխավոր հերոսը կարողանում է երգել իր ցանկացած երգչի ձայնով։ Քանի որ մեր աներևակայելի դպրոցում ամեն ինչ հնարավոր է, Տիգրանը երգեց նաև հայտնի աստղերի ձայնով։ Շնորհակալ ենք Թաթային և Սոսոյին մեզ աջակցելու համար»,– ասաց Գրիգորը։
Թե կոնկրետ ինչ մասնակցություն են ունենում Թաթան ու Սոսոն, նա չբացահայտեց, որպեսզի հեռուստադիտողների համար անակնկալ լինի։
Այս օրերին նկարահանումներից զատ նվագախմբի երեխաները պատրաստվում են նաև ներկայացման։ Դեկտեմբերի 28-ին, 29-ին և 30–ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կլինի նոր մյուզիքլի պրեմիերա։
«Կլինեն թե՛ նոր երգեր, թե՛ ֆիլմի ամենասիրված ու հաջողված գործերը։ Նույնիսկ այն երգերը, որոնք արդեն ծանոթ են լսարանին, կհնչեն նորովի։ Ներկայացման համար նոր սցենար է գրվել, այժմ բեմադրական աշխատանքներն են տարվում։ Երեխաներից բացի կլինեն նաև Ձմեռ պապն ու ձյունանուշը։ Ներկայացումը նախատեսված է 3 տարեկանից բարձր բոլոր երեխաների համար։ Եթե մյուզիքլի հանդեպ հետաքրքրությունը մեծ լինի, ներկայացումներ կավելանան նաև հունվարին»,– նշեց Գրիգորը։
Երգիչը հայտնեց, որ աշխատում են ամանորյա երգ ու տեսահոլովակ ունենալու ուղղությամբ։ Երգի պրեմիերան կլինի Ամանորի նախօրեին, եթե հասցնեն, նաև տեսահոլովակ կնկարահանեն։









