Ռոբերտո Կել Տորեսի երևանյան համերգը, հայտնի հյուրերն ու Հայկոյի հետ համագործակցությունը

15:01 • 20.11.17

 

Կուբացի երգիչ Ռոբերտո Կել Տորեսն օրերս Հայաստանում էր` նա ակումբային համերգ ունեցավ Երևանում, որն անցավ ջերմ մթնոլորտում։  Tert.am Life–ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր պահերը։

 

«Սիրելի հայե՜ր». համերգի ժամանակ կուբացի երգիչը հաճախ էր բացականչում այս արտահայտությունը` հանդիսատեսի հետ շփվելով, երբեմն, հայերեն, երբեմն, ռուսերեն լեզուներով։ Նա նշեց, որ շատ է սիրում հայերին։ Խոսքերից զատ երգիչը նաև երգ է նվիրել հայերին։ Armenia կոչվող երգի համար Ռոբերտոն հայտնվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Համերգի ժամանակ նա կատարեց այս ստեղծագործությունն ու արժանացավ հանդիսատեսի ջերմ ծափերին։

 

ԱՊՀ երկրներում ճանաչված երգիչը համերգի ժամանակ երգեց նաև հայերեն` ներկայացնելով «Ով սիրուն, սիրուն» երգը։ Երեկոյի ընթացքում Ռոբերտոն կատարեց երգեր ինչպես իր երգացանկից, այնպես էլ հայտնի ու սիրված հիթեր։ Երգչի հայտնի երկրպագուների շարքերում էին Զառա Արամյանը, որը նաև ձայնակցեց երգչին` կատարումներից մեկի ժամանակ, Մովսես Երեմյանն  ու կինը` Աննա Սիմոնյանը, Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը, Գագա և  Նաիրա Ամատունիները։

 

 

Երգիչը շնորհակալություն հայտնեց իր ընկերոջը` Հայկոյին, համերգին ներկա լինելու համար և հայտնեց, որ իրենք շուտով զուգերգ են ներկայացնելու։ Հայկոն էլ նկատեց, որ Ռոբերտոն շատ նվիրված է  Հայաստանին։

 

«Նա հրաշալի երգիչ է։ Մեր երգը դեռ մշակված չէ, սակայն մենք իրար խոստացել ենք, որ հետաքրքիր երգ ենք թողարկելու իսպաներեն և հայերեն տարբերակներով։ Շուտով, անպայման, կլսեք դա։ Ռոբերտոն կապված է լինելու Հայաստանի հետ, մենք հաճախակի տեսնելու և լսելու ենք իրեն»,– ասաց Հայկոն։

 

Թեև ներկայացված երգացանկի զգալի մասը պարային էր, համերգի առաջին հատվածում հանդիսատեսն այնքան էլ ակտիվ չէր։ Կուբացի երգչին սա զարմացրել էր` նախ նա գիտի, որ հայերը տաքարյուն ու «քեֆ անող» են, երկրորդ` այս երգերի ռիթմերն ինքնին ստիպում են պարել։ Ռոբերտոն անցավ սեղան առ սեղան հյուրերին պարի հրավիրելու տարբերակին, որն աշխատեց։

 

Լուսանկարները` Գևորգ Խուրշուդյանի

Ռոբերտո Կել Տորեսի երևանյան համերգը, հայտնի հյուրերն ու Հայկոյի հետ համագործակցությունը