Արտակ Վարդանյանը` «ՏԻՄատիկա»–ի նոր եթերաշրջանի մասին
Կիրակի` 18:30-ին, «Արմնյուզի» եթերում կմեկնարկի տեղական ինքնակառավարման մարմինների մասին պատմող «ՏԻՄատիկա» հաղորդման նոր եթերաշրջանը։ Ծրագրի պատասխանատու և հաղորդավար Արտակ Վարդանյանը Tert.am Life–ին պատմեց, որ նոր եթերաշրջանում որոշակի փոփոխություններ են արել։
«Մեր նպատակն է այժմ իրականացվող համայնքային խոշորացումները ներկայացնել մատչելի լեզվով, որպեսզի մարզերի բնակիչներին հասկանալի լինի` ինչ է այն ենթադրում։ Նախորդ սեզոնում ներկայացնում էինք ռեպորտաժներ, այս եթերաշրջանում առաջին ռեպորտաժը դոկումենտալ հեռուստաժուռնալիստիկա է, որտեղ չկա լրագրողական տեքստ. ներկայացվում են մարդիկ ու իրենց պատմությունները։ Երկրորդ մասում բուն ռեպորտաժն է, որը պատմում է խնդրի մասին։ Այս հեռուստասեզոնին դարձել ենք ավելի ինտերակտիվ։ Մարդկանց պատմություններով ցույց ենք տալիս համայնքային խոշորացման խնդիրներն ու առավելությունները։ Անդրադառնում ենք հարցին, թե ինչքանով են մարդու իրավունքները պաշտպանված համայնքներում»,– ասաց Արտակը։

Նա նկատեց, որ համայնքային խնդիրների մասին հեռուստաարտադրանքը մեր եթերում շատ քիչ է։ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» հետ իրենք փորձում են լրացնել պակասը։ Հաղորդավարը շատ է կարևորում հայկական հեռուստատեսությունում բուն լրագրողական աշխատանքների առկայությունը։ Ասում է` «ՏԻՄատիկան» դրանցից մեկն է։
Ինչ վերաբերում է միաժամանակ ժամանցային և սոցիալական դաշտում ներկայանալուն` Արտակը նշեց, որ ինքը միշտ զբաղվել է լրագրությամբ, արել տարբեր սոցիալական նախագծեր։ «Նույնիսկ իմ ժամանցային հաղորդումներում ես միշտ կարևորել եմ սոցիալական թեմայի առկայությունը։ Այս ժանրը շատ հոգեհարազատ է ինձ։ Սա իմ մասնագիտությունն է»,– նշեց նա։







