Նոր հովանավորներ և մրցանակներ «Ամենախելացին» նախագծի 5–րդ եթերաշրջանում

20:02 • 26.11.17

 

Արդեն 2 տարի է՝ «Արմենիա TV» –ն  իրականացնում է «Ամենախելացին» ինտելեկտուալ հեռուստախաղը։ Նախագծի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից ընտրված դպրոցականները և ուսանողները մտնում են ինտելեկտուալ մրցապայքարի մեջ և հաղթում իրենց գիտելիքների շնորհիվ։ 5–րդ եթերաշրջանի կիսաեզրափակչում նախագծի գործընկերները  մի շարք անակնկալներ են պատրաստել հաղթող մասնակիցներին։

 

Tert.am Life–ի հետ զրույցում Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ  Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը նշեց, որ կրոն անվանակարգում իրեն լավագույնս դրսևորած մասնակիցը կստանա ուխտագնացություն Երուսաղեմ։

 

«ԱՀԹ-ն՝ Նավասարդ սրբազանի գլխավորությամբ, շատ է կարևորում հոգևոր գիտելիքների առկայությունը երիտասարդ սերնդի մոտ։ Աշխարհիկ գիտելիքները հոգևոր գիտելիքների հետ զուգահեռ մարդուն տանում են դեպի Աստված ու հավատք։ Հենց այս մրցանակն է ոգևորում մասնակիցներին ընտրել տվյալ թեման և լինելով սրբավայր քաղաքում՝ հաստատել այն գիտելիքները, որոնց մասնակիցները տեսականորեն արդեն տիրապետում են»,– ասաց Տեր Պարթև քահանա Մուրադյանը։

 

 

Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը նկատեց, որ այսպիսի նախագծերը մեծ հնարավորություն են տալիս չինարենի ու չինական մշակույթի տարածմանը։ «Արդեն երկրորդ եթերաշրջանն է, ինչ Կոնֆուցիոսի ինստիտուտը «Ամենախելացին» հեռուստանախագծի կողքին է: «Չինաստան» բաժնում ընդգրկված են լինելու այդ երկրի պատմության և մշակույթի վերաբերյալ մի շարք հարցեր, որոնց շնորհիվ հեռուստադիտողը կբացահայտի Չինաստանն ու նրա մշակույթը, իսկ լավագույն մասնակիցը 15 օրով կլինի Չինաստանում»,- նշեց Գոռ Սարգսյանը:

 

 

Նշենք, որ «Ամենախելացին» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանում ավելացել է գործընկերների թիվը: Այս եթերաշրջանում նախագծի կողքին են  ՀՀ Կենտրոնական Բանկը և «Ռոսատոմ» ընկերությունը։ Նոր համագործակցության արդյունքում նախագծում ավելացած «Ֆինանսներ» և արդեն առկա «Ֆիզիկա» կատեգորիաները մրցանակային են։

 

««Ամենախելացին» նախագծի հետ համագործակցությունը նախաձեռնվել է՝ կարևորելով մեր հասարակության շրջանում ֆինանսական գրագիտությունը։ Հարցերը հիմնականում պարունակում են առանցքային տեղեկատվություն` անձնական ֆինանսների և մակրոտնտեսագիտական հասկացությունների վերաբերյալ: Այս կատեգորիայի լավագույն մասնակիցը կարժանանա ԿԲ-ի խրախուսական մրցանակին՝ անցնելով մեկամսյա աշխատանքային փորձառություն ՀՀ գլխավոր դրամատանը»,- ասաց ՀՀ  ԿԲ –ի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման  կենտրոնի   ֆինանսական կրթման մասնագետ  Լուսինե Ներսիսյանը։

 

 

«Ռոսատոմ» ընկերության ծրագրերի  կառավարման տնօրենի տեղակալ, ԱՊՀ ծրագրերի կառավարման ղեկավար Վլադիմիր Բրեդովն էլ ավելացրեց. «Այս համագործակցությամբ ընկերությունը նպատակ ունի առավել ուսումնասիրված դարձնել ատոմային ֆիզիկայի բնագավառը Հայաստանում։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի ազգաբնակչությունը և, առաջնահերթ, աճող սերունդը հնարավորինս շատ իմանա էներգիայի մատակարարման նախագծերի մասին, որն իրականացնում է «Ռոսատոմ» ընկերությունը։ «Ամենախելացին» լավագույն հնարավորությունն է ընձեռում մեզ դա անելու համար: Այն մասնակիցները, որոնք կհաղթեն այս կատեգորիայում, հնարավորություն կստանան ուղևորվել Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ, կլինեն «Ռոսատոմի» մի քանի ենթակառուցվածքներում և այն գործարաններում, որտեղ սարքավորումներ են պատրաստվում հայկական ատոմակայանի համար, ինչպես նաև կծանոթան ռուսական հզոր մշակույթին ու պատմությանը»։

 

Նշենք, որ «Ամենախելացին» նախագծի եզրափակիչ խաղը կկայանա դեկտեմբերի 24-ին:

 

Նոր հովանավորներ և մրցանակներ «Ամենախելացին» նախագծի 5–րդ եթերաշրջանում