«Մանկական Եվրատեսիլի» կազմակերպիչների պատասխանը Առաջին ալիքին
«Մանկական Եվրատեսիլ 2017»–ի շուրջ բարձացած խնդիրների մասին Tert.am Life–ը պատմել է իր ընթերցողներին։ Թե ինչու էր քվեարկությունը անցել տեխնիկական խնդիրներով, այն վավե՞ր է, թե՞ արդյունքները կվերանայվեն, Tert.am Life–ը փորձեց պարզել «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչներից, սակայն նրանք հրաժարվեցին մեկնաբանություն տալ` նշելով, որ հետագա զարգացումների մասին կհայտնեն իրենց պաշտոնական կայքում։
Առաջին ալիքը ևս փորձել էր պարզաբանում ստանալ կազմակերպիչներից, սակայն նրանց տվել են պատասխան, որը, ըստ էության, շրջանցում է հարցի բուն պատասխանը։ Ներկայացնում ենք եվրոպական մրցույթի կազմակերպիչների պատասխանը Առաջին ալիքին։
«Քվեարկության պլատֆորմի առաջին գնահատականից հետո պարզվեց, որ անվտանգության գործառույթներից մեկը, որը պատասխանատու է, որպեսզի օգտատիրոջ միայն մեկ ձայնը հասնի համակարգին, ձգձգման պատճառ է դարձել: Չնայած մենք անընդհատ ստանում էինք ձայներ մեր հարթակում, ցավոք, որոշ օգտատերերի համար եղել են ձգձգումներ, ինչի արդյունքում նրանք չեն կարողացել մտնել քվեարկության կայք: Ընդհանուր առմամբ` մենք ստացել էինք մոտ 330,000 ձայն, ավելի քան 100 երկրից, ինչը վկայում է այն մասին, թե որքան հանրահայտ էր այս տարվա շոուն ամբողջ աշխարհում»,– պատասխանել են նրանք` շրջանցելով բուն խնդիրը և դրա հետևանքը։







