Գրիգորի Եսայանի դստեր 1–ամյակի խնջույքն ու երեխաների` իրար հետ չշփվելու պատճառը
Երգիչ Գրիգորի Եսայանը և կինը` Անաստասիան, նշել են իրենց դստեր` Աննա-Միլանայի 1–ամյակը։ Երգիչը Tert.am Life–ին է տրամադրել օրվա լուսանկարներն ու պատմել ընտանիքի մասին։
«Աղջկաս ծնունդը նշելու համար Սոչիից հատուկ գնացինք Բարնաուլ։ Այնտեղ մեր հարազատներն ավելի շատ են։ Ավելի հեշտ էր ընտանիքով մենք գնայինք, քան բոլորին հրավիրեինք Սոչի։ Երեկույթի կազմակերպչական հարցերով ինքս եմ զբաղվել։ Ներկա էին միայն ամենամոտ մարդիկ՝ մոտ 60 մարդ։ Համեստ քեֆ ենք արել, ոչ մի ճոխություն չկար, ուղղակի ջերմություն կար»,– ասաց նա։
Գրիգորին ու Անաստասիան իրենց դստերը հագուստներ և աքսեսուարներ են նվիրել։ Ինչ վերաբերում է մյուսների նվերներին` երգիչը նշեց, որ նույնիսկ չի հետաքրքրվել, թե ինչ նվերներ են ստացել։

Աննա-Միլանան Գրիգորիի չորրորդ երեխան է։ Երգչի ավագ որդին` Ռոբերտը, 15 տարեկան է, զույգ տղաները` Քրիստիանը և Մարսելը, շուտով կդառնան 3 տարեկան։ Ըստ Գրիգորիի` աղջիկ ունենալն այլ երջանկություն է։ «Շատ–շատ եմ զգում առանձնահատկությունը։ Ես չէի պատկերացնում, սակայն աղջիկ երեխան այլ զգացմունքներ է բերում։ Հայրիկներն ինձ կհասկանան»,– ասաց նա։
Բազմազավակ հայրիկը էլի երեխաներ ունենալ չի ուզում, սակայն նշում է, որ եթե Աստված նորից երեխա ունենալու հնարավորություն տա, չի հրաժարվի։
Գրիգորիի ավագ որդին Հայաստանում է և չի մասնակցել քրոջ տարեդարձի խնջույքին։ Պարզվում է` նա շփում չունի քրոջ, եղբայրների և հոր նոր կնոջ հետ։ «Տղաս դեռևս միայն ինձ հետ հարաբերություններ ունի։ Իրենք շփվելու համար դեռ փոքր են, պետք է իրենք էլ մեծանան, որ շփվեն։ Կինս էլ երեխայիս հետ շատ մոտ շփում չունի, որովհետև տղաս ունի մայրիկ։ Այդ հարցն ինձ համար ցավոտ չէ։ Ես իմ նախկին կնոջ, որդուս հետ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Երբ երեխաներս մեծանան, իրենց կհամախմբեմ, շփում կունենան»,– ասաց Գրիգորին։

Նրա խոսքով` ավագ որդին ցանկություն ունի շփվել կրտսեր քրոջ, եղբայրների հետ։ Դիտարկմանը` արդյոք ավելի հեշտ չի լինի, եթե երեխաները մանկուց շփվեն, նա պատասխանեց. «Երևի, բայց մեր դեպքում դեռ այդպես է։ Ես դա խնդիր չեմ համարում։ Պատճառը, երևի, ես եմ»։
Ինչ վերաբերում է փոքր երեխաների հետ իր շփմանը` Գրիգորին ասաց, որ սիրում է խաղալ նրանց հետ։ «Երբ ազատ ժամանակ եմ ունենում, սիրում եմ երեխաներիս և ընտանիքիս հետ անցկացնել։ Իմ սիրելի զբաղմունքը կամ երեխաներս են, կամ աշխատանքս։ Ցավոք, ընտանիքս տուժում է աշխատանքիս պատճառով։ Բոլոր արտիստներն ունեն այդ խնդիրը, սակայն ինչ կարող ենք անել։ Երբեմն, կինս դժգոհում է, սակայն հասկանում է,որ հաշվապահի հետ չի ամուսնացել, որ ժամը 7–ին տուն վերադառնա»,– ասաց երգիչը։
Գրիգորին հայտնեց, որ մինչև Ամանոր տոնական նոր տեսահոլովակ կներկայացնի երկրպագուներին, որը կնկարահանվի Երևանում։















