«Ինչ, որտեղ, երբ» հաղորդման 15–ամյակի «Ոսկե արծիվն» ու նկարահանման մանրամասները
«Ինչ, որտեղ, երբ» խաղն արդեն 42 տարեկան է։ Հայաստանում այն սկսեց հեռարձակվել 2002 թվականից և այս տարի նշում է հոբելյանը` 15–ամյակը։ Tert.am Life–ը եղել է հաղորդման նկարահանման հրապարակում և ներկայացնում է ֆոտոշարք ու մանրամասներ։
Փոքրիկ տաղավարում, որտեղ գիտակները պայքարում են հեռուստադիտողների դեմ, աժիոտաժը սկսվում է նկարահանումից օրեր առաջ։ Հաղորդման նախապատրաստական փուլը բավականին աշխատատար է։ Մենք նկարահանել ենք նաև այն փոքրիկ սենյակը, որտեղից աշխատում է Կարեն Քոչարյանը, քանի որ հաճախ հեռուստադիտողներին հուզում է հարցը, թե որտեղից է հնչում հայտնի ձայնը։
«Այսքան տարի լինել եթերում և չհոգնեցնել, դժվար է։ Այդպիսի նախագծերը քիչ են` КВН-ը 56 տարի է եթերում, «Ինչ, որտեղ, երբ»–ը` 42։ Կարծում եմ` չհոգնեցնելը պայմանավորված է նրանով, որ և՛ հեռուստադիտողների, և՛ գիտակների դեպքում խաղում են տարբեր սերունդներ։ Յուրաքանչյուր սերունդ խաղի մեջ գտնում է իր հետաքրքրությունը»,– ասաց Կարեն Քոչարյանը, որը հաղորդման վարողը դառնալուց շատ առաջ եղել է դրա հեռուստադիտողը։

«Որպես հեռուստադիտող` ինձ համար այս խաղում ամենահետաքրքիրն այն է, թե ինչպես է մի րոպեում 6 հոգու կողմից ծնվում պատասխանը։ Դա նման է երեխայի ծննդի։ Այնպիսի պատասխան չէ, որը գիտեիր, ասացիր, տրամաբանական պատասխան է։ 6 հոգին պատահական չեն ընտրված։ Յուրաքանչյուրն ունի իր գործառույթը` մեկը մտքերի գեներատորն է, որը կարող է առաջին հայացքից տալ ամենաանհավանական պատասխանը, բայց լինել ճիշտ կամ անգամ սխալ պատասխան տալիս մյուսներին մտածելու նյութ տա, թիմի ավագը հավաքում է բոլոր մտքերը, կան մարդիկ, որոնք պարզապես շատ լուրջ բազա ունեն»,– նկատեց հաղորդավարը։
Հաղորդման համար ամենաբարդ գործը հարցերի ընտրությունն է։ Պետք է չկրկնվել, ինչի համար հարցերն անցկացվում են 42 տարվա բազայով։ «Հարցերի խնդիրը լուրջ է։ Ունենք բավականին հին հեռուստադիտողներ, որոնք գտնում են հարցեր։ Ես փորձում եմ ընտրել լավագույն հարցերը, որոնք հիմնված են ոչ թե գիտելիքի, այլ տրամաբանության վրա, սակայն լինում են նաև գիտելիքի վրա հիմնված հարցեր։ Նախընտրում եմ դնել հայ հեռուստադիտողների հարցերը` պահել աշխարհագրությունը, որպեսզի խաղին մասնակցեն մարդիկ նաև գյուղերից, սակայն եթե ես չեմ ունենում եթերում հայտնվելու որակի հարցեր, ընտրում եմ հարցեր արտերկրից։ Մեզ գրում են տարբեր երկրներից»,– ասաց նա։

Կարեն Քոչարյանը նկատեց, որ խաղի երկրպագուները հետևում են տարբեր երկրների թողարկումներին. «Գիտակներին միշտ հետաքրքրում են հարցերը։ Դա ազարտ է դառնում, հարց են փնտրում, որ պատասխանեն»։
15–ամյակի առթիվ առաջին անգամ «Ինչ, որտեղ, երբ»–ը խաղարկվում է Ոսկե արծիվ։ «Մինչև այս եղել է Մարմարե արծիվ, որը կշարունակի խաղարկվել եթերաշրջանի ընթացքում, իսկ ամեն տարեվերջին, երբ ձմեռային խաղերին մասնակցում են լավագույն 5 թիմերը, խաղարկելու ենք Ոսկե արծիվ։ Եթե հաղթեն գիտակները, նրանցից լավագույնը կստանա Ոսկե արծիվը, եթե հեռուստադիտողները, լավագույն հարցի հեղինակը կստանա այն»,– ասաց հաղորդավարն ու հավելեց, որ այս տարի եզրափակիչը կլինի հունարին, իսկ Ամանորին հեռուստադիտողներին շատ լարված խաղեր են սպասվում։


















Լուսանկարները` Գևորգ Խուրշուդյանի







