Արսեն Գրիգորյանի որդու 5-ամյակը, դստեր հանդեպ խստությունն ու կնոջ մեղադրանքը
Երգիչ Արսեն Գրիգորյանի որդին` Վահեն, այսօր դարձավ 5 տարեկան։ Փոքրիկի ծննդով երջանկացած հայրիկն այսօր ընտանիքի կողքին չէ, քանի որ գտնվում է օվկիանոսից այն կողմ` ԱՄՆ–ում։
Tert.am Life–ի հետ զրույցում Արսենն ասաց, որ ընտանիքը կնշի որդու ծնունդը, հավաքույթին ներկա կլինեն նրա ընկերներն ու հարազատները։ Ինքն էլ, անպայման, որդուն կմատուցի իր նվերը։
Արսենը նշեց, որ շատ է կարևորում, որ որդին Երևանում մեծանա։ «Երբ ծնվեց աղջիկս, ծնող լինելու փորձ չունեի։ Երկրորդ երեխայի դեպքում ավելի հասուն էի որպես հայր։ Շատ երջանիկ եմ, որ որդի ունեմ։ Ուզում եմ, որ տղաս լավ երևանցի մեծանա։ Շատ երջանիկ եմ, որովհետև ինքը հրաշալի բալիկ է։ Ունի ընդգծված բնավորության գծեր, արդեն ձևավորվում է իր տեսակը։ Վստահ եմ, որ լավ մարդ է դառնալու»,– նշեց նա ու հավելեց, որ տղան շատ երաժշտական է, շատ լավ լսողություն ունի, թեև ինքը չի ցանկանա, որ որդին երգիչ դառնա։
«Ուզում եմ նորմալ մասնագիտություն ունենա, սակայն եթե իր մեջ տեսնեմ այդ տաղանդը, չեմ խանգարի»,– նկատեց երգիչը։

Արսենը ցավով նշեց, որ աշխատանքի բերումով, երբեմն, հեռու է լինում ընտանիքից։ Նա ափսոսանքով հիշեց, որ նախորդ տարի էլ որդու ծննդյան օրը նրա կողքին չի եղել։ Արսենն այլ երկրում է եղել նաև նրա լույս աշխարհ գալու ժամանակ։ «Երկու բալիկներս էլ Ֆրանսիայում են ծնվել։ Աղջկաս ծննդյան ժամանակ ներկա եմ եղել, որդուս դեպքում` ոչ։ Շատ եմ ափսոսում, որ տղայիս 5–ամյակին ներկա չեմ։ Կյանքի բերումով որոշ գործերով այժմ ԱՄՆ–ում, սակայն ուրախ եմ, որ գոնե աղջկաս ու կնոջս ծննդին արդեն Երևանում կլինեմ։ Նախորդ տարի երեքի ծննդյան օրերին էլ արտերկրում էի»,– ասաց Արսենը, որ Երևան կվերադառնա հունվարի սկզբին։
Ինչպես, գրեթե, բոլոր հայրիկները, Արսենը ևս սրտնեղում է, որ չի կարողանում երեխաներին ու ընտանիքին հատկացնել այնքան ժամանակ, որքան կցանկանար, սակայն փորձում է հնարավորության սահմաններում լրացնել բացը։ Երբեմն, երեխաներին զբոսանքի է տանում առանց կնոջ. «Ես հնարավորն անում եմ, որ շատ լինեմ երեխաներիս հետ, ժամանակ առ ժամանակ, գնում ենք տարբեր խաղահրապարակներ, սակայն, ցավոք, դա հաճախ չի լինում»։
Անդրադառնալով երեխաների դաստիարակությանը` երգիչը նշեց, որ կինը շատ լավ է զբաղվում դրանով, իսկ ինքը միջամտում է միայն կարևոր դեպքերում։ Այնուամենայնիվ, ամուսինները, երբեմն, տարաձայնություններ են ունենում երեխաների դաստիարակության մեթոդների հարցում։

«Կինս ու ընկերներս ինձ շատ են մեղադրում, որ ճնշում եմ աղջկաս, ինչ–որ բաներ արգելում եմ։ Ինձ ասում են` մի կոտրիր իր «ես»–ը։ Ես ասում եմ, որ դա «ես»–ի հետ կապված չէ, դրանք բնավորության գծեր են, որոնք չեմ ցանկանա լինեն։ Ասում են` պետք է թողնես, որ երեխան ինքը հասկանա, սակայն ես, իբրև հայ ծնող, փորձում եմ այնպես անել, ինչպես ինքս եմ ճիշտ համարում։ Ժամանակին մեզ էլ են պարտադրել ինչ–որ բաներ և ճիշտ են արել։ Ես շնորհակալ եմ ծնողներիս, որ շատ հարցերում պատրադրել են ինձ։ Դրա շնորհիվ ավելի պինդ եմ դարձել»,– նկատեց երգիչը, ով ավելի հաճախ դստեր հետ է ընկերական զրույցներ ունենում, քան որդու, քանի որ տղան դեռ փոքրիկ է։
Ինչ վերաբերում է իր գործունեությանը` թեև Արսենն այժմ անընդհատ նոր երգեր ու տեսահոլովակներ չի ներկայանում, նա հայտնեց, որ զբաղված է միայն երաժշտական գործունեությամբ, այլ աշխատանք չունի։ Լիրիկական երգերով առավել հայտնի Արսենն այսօր ներկայանում է նաև կորպորատիվ միջոցառումների։ «Ես ունեմ իմ ռեպերտուարը, որը ներկայացնում եմ խնջույքների ժամանակ։ Ցավոք, այդ երգերը դեռ չունեն տեսահոլովակներ։ Մոտ ապագայում մի քանի գործեր կունենան տեսահոլովակներ»,– ասաց երգիչը, ով պատրաստվում է նոր տեսահոլովակ նկարահանել հունվարին։ Նոր երգը նվիրված է իր կնոջը, իսկ տեսահոլովակում կնկարահանվեն կինն ու երեխաները։











