Սլավոնական համալսարանի բեմում գյումրեցիներն էին՝ մարկեսյան «Երկնագույն շան աչքերով»
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» բեմադրությամբ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը երեկ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Մշակույթի տան բեմում էր:
«Չափազանց հուզիչ է, որ այսօր՝ 88-ի երկրաշարժի նախօրեին, այստեղ գյումրեցիներն են։ Մենք հյուրընկալել ենք 150-ամյա թատրոնին՝ «տարեց», իմաստուն, մեր մշակույթում իր ծանրակշիռ տեղն ունեցող Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին։ Սակայն այս պահին մենք խոսում ենք ոչ միայն 150-ամյա, այլև երիտասարդ, կենսուրախ, ավյունով լի, հույս ու լավատեսություն ներշնչող թատրոնի մասին։ Չափազանց երջանիկ եմ, որ այստեղ է Գյումրու թատրոնը, և քիչ հետո մենք կվայելենք երազային սիրո մասին պատմող մարկեսյան հրաշալի ստեղծագործությունը։ Չգիտեմ, թե գյումրեցիներն ինչ են արել Մարկեսի հետ, բայց համոզված եմ՝ միայն լավը»,– ասաց Հայ-ռուսական համալսարանի Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանը։
Այն, ինչ գյումրեցիներն «արել» էին Մարկեսի ստեղծագործության հետ, հուզեց ոչ միայն նրան, այլև բոլոր ներկաներին։ «Սա ներկայացում էր, որը կարողացավ շարժել անշարժը, տվյալ դեպքում՝ իմ զգացմունքները։ Այնքան տպավորիչ էր, որ ներկայացումից հետո տղաներն անմիջապես գնացին ծխելու»,- բեմադրությանը հաջորդած քննարկմանն ասաց երիտասարդներից մեկը։

Աղջիկներից շատերի աչքերում արցունքներ կային։ Նրանցից ամենահամարձակը արցունքոտ աչքերով խոստովանեց․«Ներկայացման ընթացքում մտածում էի, թե ինքս օրվա մեջ քանի հոգու կողքով եմ անտարբեր անցնում, իսկ գուցե նրանց մեջ հենց նա՞ է…»։
Խոսելով մարկեսյան ստեղծագործության իր մեկնաբանության մասին` երիտասարդ բեմադրիչ Ռաֆայել Ասատրյանը նշեց. «Երազանքը միշտ կա, բայց ժամանակի ընթացքում մենք կորցնում ենք երազելու ունակությունը, և երազանքը չի դառնում ձգտում ու նպատակ։ Ներկայացման ուղերձը մեկն է՝ երբեք մի՛ դադարեք երազել, երբեմն այն ավելի իրական է, քան կյանքը»։





Ալիսա Գևորգյան
Լուսանկարները՝ Վահրամ Մոսինյանի







