«Մինչև 150 տարի ապրելու եմ». երեխաների անակնկալը Հակոբ Հակոբյանի տարեդարձին

16:29 • 13.12.17

 

Երգչուհի Սիլվա Հակոբյանի հայրը և պրոդյուսերը` Հակոբ Հակոբյանը, այսօր տոնում է ծննդյան տարեդարձը։ Երաժշտական ընտանիքի գլուխը, ինչպես պարզվեց, չի սիրում տարեդարձի օրը։  Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ նույնիսկ մոռացել էր, որ այսօր ծնունդն է։

 

«Գիտեի, որ շուտով ծնունդս է, սակայն մոռացել էի, որ այսօր այդ օրն է։ Եթե հիշեի, բոլոր տեղերում օրերը կփոխեի։ Կեսգիշերին երեխաներս տորթով եկան շնորհավորելու, անակնկալի եկա»,– ասաց նա ու հավելեց, որ ընտանիքի անդամները շատ ուշադիր են միմյանց հանդեպ, չնայած ինքը չի սիրում հատուկ դարձնել տարեդարձի օրը, ամեն տարի ինչ-որ բան են կազմակերպում։ Այսօր երեկոյան Հակոբյանների ընտանիքը հատուկ խնջույքի չի կազմակերպել, քանի որ հոբելյարը մի փոքր վատառողջ է։

 

Պրն Հակոբն այսօր դառնում է 57 տարեկան։ Մեծանալուց նա չի վախենում։ «Երեխաներս 1 տարի քչացրել էին, 56 էին դրել տորթի վրա, սակայն 57 տարեկան եմ դառնում։ Ես տարիքից չեմ վախենում, մինչև 150 տարի ապրելու եմ, դեռ  երիտասարդ եմ։ Չգիտեմ` դա երազանք է, թե ցանկություն, բայց ես համառ եմ։ Ասում են, եթե մարդն ուզում է ապրել, բժշկությունն անզոր է»,– նշեց նա։

 

 

Ընտանեկան ջերմությունն ամենակարևոր բանն է, որ ունի պրն Հակոբը։ Ասում է` երջանկության ամենակարևոր գրավականը հենց դա է։ «Ինձ համար առաջին հերթին իմ  ընտանիքն է` երեխաներս, փեսեքս, հարսս, թոռներս։ Երջանկություն է, երբ շրջապատված եմ մարդկանցով, որոնց սիրում ես և  դա փոխադարձ է։ Մենք  զբաղվում ենք մեր սիրած գործով, դա  ևս երջանկություն է»,– ասաց պրն Հակոբը։

 

Թոռներով շրջապատված պրոդյուսերին միայն կրտսեր դուստրը` Սիլվան, դեռ չի պարգևել պապիկ լինելու բերկրանքը։ Նա վստահ է, որ ճիշտ ժամանակին Սիլվան էլ իրեն կպարգևի այդ երջանկությունը։ «Ամեն ինչ իր  ժամանակին կլինի։ Ես չեմ էլ մտածում այդ մասին։ Իրականում ինչի հետևից շատ ես ընկնում, դա չի լինում։ Վստահ եմ, ճիշտ ժամանակին Սիլվան էլ բալիկ կունենա»,– ասաց երգչուհու հայրը։

 

Հիմա պրն Հակոբն ու կինն առանձին են ապրում երեխաներից։ Երեխաների հետ շատ կապված ծնողները դրանից չեն սրտնեղում. «Ամեն մարդ թող իր համար առանձին ապրի։ Հիմա ես ու պառավս ենք իրար հետ ապրում։ Երեխեքը շատ հաճախ են գալիս մեզ հյուր»։

 

 

Ի դեպ, Սիլվան իր հերթին հուզիչ շնորհավորանք է գրել հայրիկի հասցեին. «Դեռ երկու տարեկանից քեզ հետ միասին քայլել եմ երկար ու խոչընդոտներով լի ճանապարհ ! Երբ կոտրվել եմ, հույսս փնտրել ու գտել եմ քո մեջ, երբ հիասթափությունից արտասվել եմ, ինձ գիրկդ առնելով` հորդորել ես լինել համբերատար ու հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու... Այդպես էլ կա ու այդպես կլինի, քանի դեռ քո շնորհիվ հավատում եմ ու կամ... Շնորհավոր Ծնունդդ իմ անփոխարինելի ու թանկ էակ...ԻՄ ՊԱՊԱ»։

 

 

«Մինչև 150 տարի ապրելու եմ». երեխաների անակնկալը Հակոբ Հակոբյանի տարեդարձին