«Չէի էլ կարող երևակայել, թե որքան հրաշալի մայր կլինի Նատաշան». Անդրեյ Մալախովը` կնոջ և նորածին որդու մասին

14:44 • 18.12.17

 

Անդրեյ Մալախովի ընտանիքի համար 2017–ը շատ կարևոր տարի էր. նոյեմբերի 16-ին լույս աշխարհ եկավ նրա որդին` Ալեքսանդրը։ Հեռուստահաղորդավարը հարցազրույց է տվել Starhit-ին և խոսել ընտանիքի մասին։

 

«Եթե տարեսկզբին ինձ որևէ մեկն ասեր, որ «Առաջին ալիքին» քառորդ դար նվիրելուց հետո իմ անունը կհայտնվի «Ռոսիա 1»–ում, չէի հավատա։ Սակայն հիմա ես հստակ գիտեմ, որ կանգնած չեմ մի տեղում։ Ես առաջ եմ շարժվում։ Թեկուզ փոքր քայլերով, երբեմն, հավասարակշռությունս կորցնելով։ Երբ որդիս՝ Սաշկան, որը շուտով կդառնա մեկ ամսական, իր առաջին քայլերն անի, ես պարտադիր կպատմեմ իրեն, որ պետք չէ վախենալ ընկնելուց՝ մարդիկ ընկնում են, որպեսզի սովորեն ոտքի կանգնել։ Առայժմ ես հետևում եմ, թե ինչպես է մեր «փոքրիկ սյունը» փոխվում ամեն օր։ Մենք նրան այդպես ենք կոչել, քանի որ ուտելուց հետո Սաշունիային, անպայման, պետք է ուղիղ բռնել, թե չէ կփսխի։ Երեկոյան ժամը 11-ից գիշերվա 3-ը նա չի թողնում, որ մենք քնենք, որդիս տղաներին բնորոշ խնդիրներ ունի՝ կոլիկներ։ Որքան էլ մասնագետները պնդեն, թե կյանքի առաջին շաբաթներին նորածինը ծնողներին ճանաչում է ոչ թե տեսքով, այլ հոտով ու ձայնով՝ ես վստահ եմ, որ Սաշկան հաստատ գիտի, թե ով է այն գեղեցիկ ու քնքուշ կինը, որը միշտ կողքին է և այն հոգնած ու տանջված տղամարդը, որը, երբեմն, փոխում է իր տակդիրները»,- ասել է Մալախովը։

 

Անդրեյը նշել է, որ կինը միշտ որդու կողքին է, իսկ ինքը, չնայած զբաղվածությանը, փորձում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել որդու հետ։ «Մինչև մեր ընտանիքի համալրումը կնոջս մեջ շատ բան էր ինձ զարմացրել, սակայն ես չէի էլ կարող երևակայել, թե որքան հրաշալի մայր կլինի Նատաշան»,– ասել է հաղորդավարը։