Հայկ Պետրոսյանի համերգի մանրամասներն ու հուզիչ պահը

17:47 • 19.12.17

 

Երեկ կայացավ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի համերգ-ներկայացումը։ «ՀԱՅԿական նոր տարին» համեմված էր հումորներով, նմանակումներով, ամանորյա քննարկումներով ու  երաժշտական կատարումներով։ Ինչպես միշտ, դերասանի ներկայացումը համեմված էր պատմություններով սեփական կենսագրությունից։

 

Tert.am Life-ը ներկա է եղել պրեմիերային և իր ընթերցողներին է ներկայացնում մանրամասները։ Այս անգամ Հայկը Տիկնիկային թատրոնի բեմից տեղափոխվել էր հոր՝ Վարդան Պետրոսյանի հարազատ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն։

 

Ավելի վաղ մեզ հետ զրույցում դերասանը խոստացել էր զերծ մնալ քաղաքական հումորներից, սակայն, կարծես թե, գայթակղությանը չէր դիմացել։ Հանդիսատեսն էլ դժգոհ չէր քաղաքական հումորներից, քանի որ դրանց արձագանքում էր բուռն ծափերով։ Այս ամենը համեմվում էր Հայկի կատարումներով։

 

 

Իհարկե, հումորները միայն քաղաքականության շուրջ չէին ծավալվում։ Ամանորյա ներկայացման մեջ չէին կարող տեղ չգտնել ամանորյա հայտնի ու սիրված երգերը։ Երաժշտական համարներում Հայկի հետ ելույթ ունեցան նաև Մաշա Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը, Միքայել Ոսկանյանն ու Սևակ Ամրոյանը։ Վերջինի ելույթը համերգի ամենահուզիչ պահերից մեկն էր։

 

Հայկը կոչ արեց ներկաներին մի պահ համախմբել մտքերն ու բոլորով աղոթել սահմանին կանգնած զինվորների անվտանգության համար, ինչին հաջորդեց իր կատարմամբ «Երազ իմ երկիր հայրենի» երգի կատարումը, ապա բեմ բարձրացավ Սևակ Ամրոյանն ու կատարեց «Ախպերս ու ես» երգը` արժանանալով հանդիսատեսի ջերմ ծափողջույններին։

 

Մաշայի և Սոնայի հետ Հայկը կատարեց ոչ միայն ամանորյա երգեր, այլև ներկայացրեց կատակերգ` հիմնված հայտնի երգերի, հիմնականում` ռաբիս երգերի վրա։

 

Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի