Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ձեռքբերումները 2017–ին
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այսօր` դեկտեմբերի 19–ին, ամփոփեց 2017 թվականն ու ներկայացրեց գալիք տարվա անելիքները։
Թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը և տնօրեն` Տիգրան Վիրաբյանը անդրադարձան թատրոնի ամանորյա ներկայացմանը, որի առաջնախաղը կկայանա դեկտեմբերի 20-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 30-ը:
2017թվականը բանախոսներն ամփոփեցին թվերի լեզվով. հանդիսատեսի թվաքանակը` 41470, խաղացված ներկայացումների քանակը` 141: Տոմսերի վաճառքի հասույթը 2016-ին կազմել է 18.000.000 դրամ, 2017թ-ին` 31.000.000 դրամ:
«2017թվականի թվով 7 առաջնախաղերը, մարզային և մայրաքաղաքային հյուրախաղերը, հանդիսատեսի թվաքանակի աննախադեպ աճը, հավաստիքն են այն ճշմարտության, որ Գյումրու դրամատիկականը վերագտնում է նախկին հանրաճանաչումը»,-նշեց թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:

2017 թվականին շուրջ 50.000 դոլարի մասնավոր ներդրում է կատարվել Գյումրու դրամատիկական թատրոնում, որի շնորհիվ այն անցում է կատարել արևային ֆոտովոլտային ներցանցային համակարգերի: Խնայած էլեկտրաէներգիայի հաշվին Գյումրու դրամատիկականում կատարվելու են տեխնիկական վերազինում: Ինչպես նաև, մասնավոր ներդրումների շնորհիվ, սոցիալապես խոցելի խավի համար կիրառվել է տոմսերի 40 տոկոս զեղչ:
2018 թվականին նախատեսվում է Գյումրու դրամատիկական թատրոն հրավիրել հանրապետության լավագույն բեմադրիչներ` Վահե Շահվերդյանին, Նարինե Մալյանին և Արշալույս Հարությունյանին: Իսկ տարեսկզբի առաջին պրեմիերան կլինի Արցախյան քառօրյա պատերազմին նվիրված ներկայացումը, որի բեմադրական աշխատանքներն արդեն սկսված են: Պիեսի հեղինակն Անահիտ Աղասարյանն է, բեմադրիչը` Լյուդվիգ Հարությունյանը, նկարչական ձևավորումը` Գարեգին Եվանգուլյանի, կոմպոզիտոր` Հայկո:
Բանախոսներն անդրադարձան նաև Գյումրու դրամատիկականին աջակցման հիմնադրամին` խոստանալով 2018 թվականի մարտի 27-ին` թատրոնի միջազգային օրը, թատրոնի մեկ արտիստի ապահովել բնակարանով:









