«Ոսկե դպրոցն» ու «Ֆուլ հաուսը» ինձ մեծ հայտնիություն են բերել». Գոշը` հայտնիության, նոր տեսահոլովակի և քննադատությունների մասին
Երիտասարդ երգիչ Գոշը, ով այս փուլում նկարահանվում է «Ոսկե դպրոց» և «Ֆուլ հաուս» սիթքոմերում, վերջերս նոր տեսահոլովակ ներկայացրեց հանրությանը։ 22-ամյա տղան մասնագիտացել է բիզնեսի ու մարքեթինգի ոլորտում, սակայն ասում է, որ միշտ երազել է գործունեություն ծավալել որպես երգիչ։
Այս տարվա մայիսին Գոշը հանրությանը ներկայացրեց իր առաջին տեսահոլովակը «Իմն ես» երգի հիման վրա, իսկ օրեր առաջ հանրությանը ներկայացրեց «Կինն ու գինին» երգի տեսահոլովակը։ Tert.am Life–ի հետ զրույցում նա պատմել է անցած ճանապարհի և գրանցած հաջողության մասին։
«Շոու բիզնես մուտք գործելու որոշումս ու քայլս եղել է այս տարի, սակայն պլանավորումը երկար պատմություն ունի։ Պետք է ինքդ քեզ վրա աշխատես, հետո միայն ներկայանաս հանրությանը։ Անկեղծ կլինեմ, դերասանական ոլորտում ներկայանալս պատահական ստացվեց, սակայն երաժշտական ճանապարհս երկար նախապատմություն ունի»,– ասաց նա ու հավելեց, որ մինչև այս երաժշտական գործունեություն չի ծավալել, սակայն վոկալ և սոլֆեջո է պարապել։

Գոշի նոր տեսահոլովակը 2 շաբաթում գրանցել է մոտ 125 հազար դիտում, ինչը երիտասարդ երգիչը հաջողություն է համարում։ «Մեր շուկայի համար դա բավականին արագ աճ է։ Դա խոսում է արդյունքի համար։ Մենք մեծ սպասումներով ու սիրով էինք արել աշխատանքը։ Արդյունքն արդարացրեց մեր սպասելիքները։ Մեծ մասշտաբի աշխատանք էինք արել։ Կարծում եմ` սա ոչ միայն արված աշխատանքի արդյունքն էր, այլև նրա, որ ես խաղում եմ սիթքոմերում ու մարդիկ ճանաչում են ինձ։ Այստեղ մեծ դեր է խաղում ժամանակը։ Երբ մենք թողարկեցինք առաջին տեսահոլովակը, հանրությունն ինձ այդքան չէր ճանաչում (այն 7 ամսվա ընթացքում գրանցել է 115 հազար դիտում, հեղ.)։ Կարծում եմ` հաջորդ տեսահոլովակն ավելի մեծ արդյունք կգրանցի»,– նկատեց նա։
Երիտասարդ դերասանը նշեց, որ «Ոսկե դպրոցն» ու «Ֆուլ հաուսը» իրեն մեծ հայտնիություն են բերել, բացի այդ, դերասանական փորձ են տվել։
Շատ երիտասարդների այս ոլորտը գրավում է հայտնիության ու հանրության ուշադրության կենտրոնում լինելու տեսանկյունից։ Գոշը խոստովանեց, որ իրեն էլ է գայթակղել այս փաստը։ «Ամեն օր զգում եմ հայտնիությունը։ Ես միշտ երազում էի ինչ–որ աշխատանքով ներկայանալ մարդկանց ու իրենք ասեին` լավ է։ 14-15 տարեկան էի, երբ սկսեցի ինքս ինձ համար երգել, փոքր քայլեր էի անում, որպեսզի այդ ուղղությանն իմ մեջ զարգացնեմ ու հասցնեմ պրոֆեսիոնալ մակարդակի»,– նշեց նա։

Դիտարկմանը, որ հանրության կարծիքը միանշանակ լավը չի լինում։ Պատրա՞ստ է լսել նաև վատ կարծիքներ, թե դրանցից շատ է սրտնեղում, Գոշը պատասխանեց. ««Կինն ու գինին» երգի արագ աճը խոսում է այն մասին, որ արձագանքը չէր կարող միայն լավը լինել։ Լսարանի մեծ մասը քննադատական մոտեցում ցուցաբերեց թե՛ տեսահոլովակին, թե՛ ինձ, թե՛ երգին։ Ես դա չեմ վերագրում ինձ ու մտածում, որ ինձ չեն սիրում, չեն ուզում տեսնել այս դաշտում։ Դա համարում եմ քննադատություն։ Մասնագիտական պրոֆեսիոնալ քննադատություններից դասեր եմ քաղում, իսկ անհասկանալի մարդկանց մեկնաբանություններից ոչ»,– ասաց նա։
Գոշից հետաքրքրվեցինք, թե իր համար ինչ ապագա է տեսնում շոու բիզնեսում` հաշվի առնելով, որ երգիչների զգալի մասին համար հիմա առաջնայինը կորպորատիվներին ելույթ ունենալն է։ «Ես դրական եմ վերաբերում, որ երգիչը կարող է երգել կորպորատիվ երեկույթներին, սակայն եթե առաջնային պլան է գալիս գումար վաստակելը ու ճնշում է արվեստին, արտիստը մոռանում է ի սկզբանե ինչու է անում այս ամենը, դա արդեն լճացում է»,– ասաց նա ու հավելեց, որ կորպորատիվների հրավերներ արդեն ինքն էլ ունի։










