Սարգիս Գրիգորյանը, Սամվել Սարգսյանը, Արտաշես Ալեքսանյանը և այլ դերասաններ` Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալում
«Կարմիր բլուր». այսպես է կոչվում Ելենա Արշակյանի նոր հեռուստասերիալը, որը ATV–ի եթերում կլինի հունվարի 8–ից։ Ռեժիսորն առաջին մանրամասները վստահել է Tert.am Life–ին ու պատմել, որ նոր հեռուստանովելի հերոսներին մարմնավորում են Սարգիս Գրիգորյանը, Վարդան Հովսեփյանը, Վահե Զիրոյանը, Արտաշես Ալեքսանյանն ու Սամվել Սարգսյանը։ Կին դերակատարների անունները Ելենան չնշեց, քանի որ նրանք անծանոթ են հանդիսատեսին։
«Գլխավոր 2 դերակատարուհիները նոր են հայտնի դառնալու հանդիսատեսին։ Իմ սովորության համաձայն էկրան կբերեմ նոր դեմքերի` Թատերական ինստիտուտի վերջին կուրսերից։ Ես միշտ կողմ եմ թատրոններ գնալ, ներկայացումներ դիտել ու գտնել նոր դեմքերի։ Մի փոքր անհանգիստ եմ, թե հանդիսատեսն իրենց ինչպես կընդունի, սակայն ես այն ռեժիսորներից չեմ, որոնք ֆիքսվում են հայտնիության վրա։ Ինձ համար կարևորն այն է, որ դերակատարը համապատասխանի կերպարին»,– նշեց Ելենան։

«Կարմիր բլուր» անվանումը պատահական չէ ընտրված սերիալի համար։ Երևանի հայտնի թաղամասը առանցքային կապ ունի սյուժեի հետ։ «Մեր հերոսներն ապրում են Կարմիր բլուրի մոտակայքում։ Այն ունի նաև պատմամշակութային արժեք, իր հետ առեղծվածներ են կապված, որոնց կանդրադառնանք նաև ֆիլմում»,– ասաց Ելենան, ով այս ֆիլմում ներկայանում է ոչ թե որպես ռեժիսոր, այլ պրոդյուսեր։ Ելենայի թիմն անփոփոխ է` հեռուստանովելի ռեժիսորը Գուրգեն Սարգսյանն է, սցենարի հեղինակը` Անահիտ Մխիթարյանը։
Այս օրերին ընթանում են ֆիլմի առաջին նկարահանումները։ Գործողությունները սկսվում են 1993 թվականից։ «Մի քանի սերիա հեռուստադիտողներին հետ ենք տանելու դեպի սառը և ցուրտ 1993 թվականի նոյեմբեր ամիս։ Նկարահանումներն անցկացնում ենք Սուրենավան գյուղում։ Ֆիլմի ռեժիսորը` Գուրգենը, այդ գյուղից է եղել։ Շնորհակալ եմ գյուղի բնակիչներին` մեզ ջերմ ու սիրով ընդունելու համար»,– ասաց պրոդյուսերն ու հավելեց, որ գյուղում մանրակրկիտ նկարահանումներ են արել։

Ըստ Ելենայի` սերիալի համար իրենց ճոխություն են թույլ տվել և «ֆիլմային» գրաֆիկով նկարահանել առաջին սերիաները, որպեսզի մանրակրկիտ ներկայացնեն գործողությունները, 90-ականների պատկերը։ «Նկարահանող խումբը հասել է Սուրենավան գյուղ, քանի որ որքան էլ ցավալի է, գյուղում չկան գազի խողովակներ. Մենք հասանք այնտեղ, որպեսզի 1993 թվականի պատերը հեռուստադիտողին սուտ չերևա։ Փորձել ենք այդ ժամանակաշրջանի վերանորոգմամբ տներ գտնել` առանց եվրոպատուհանների։ Այս սերիաների համար նաև շատ խիստ դերասանական ընտրություն ենք արել։ Դերասանները զբաղված են լինելու մի քանի սերիա, սակայն կարևոր էր նրանց դերը։ Նկարահանվել են Արփինե Իսրայելյանը, Արաքսյա Մելիքյանը, Աշոտ Հակոբյանն ու այլ հետաքրքիր դեմքեր։ Ֆիլմի հերոսներին պետք է մարմնավորեին 9, 10 և 12 տարեկան երեխաներ։ Երեխաների հետ նկարահանումները բերում են իրենց դժվարությունները, սակայն մեր փոքրիկ հերոսը պատվով հաղթահարեց իր վրա դրված պարտականությանը` չնայած ցուրտ էր, մրսում էր»,– նշեց Ելենան, ով լիահույս է, որ նոր աշխատանքը ևս կհետաքրքրի հեռուստադիտողին։
















