Ամանորը` «Արմենիա TV»–ում

16:55 • 26.12.17

 

2017–ի ավարտին հաշված օրեր են մնացել։ Տարեմուտի գիշերը հաճախ առավել հետաքրքիր է դառնում տոնական հաղորդումների շնորհիվ։ «Արմենիա TV»–ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը  Tert.am Life–ին պատմել է, թե ինչ է սպասվում հեռուստաընկերության տոնական եթերում։

                                 

«Դեկտեմբերի 31-ին օրը սկսելու ենք Ամանորի «Բարի լույս»–ով, որը գերհագեցած է լինելու 2017 թվականին հայտնի դարձած երգերով ու կատարումներով։ Կարող եմ վստահեցնել, որ առավոտյան ժամը 9-ից «Արմենիա TV»–ի հավատարիմ հեռուստադիտողները կստանան տոնական տրամադրություն։ Ամանորյա ծրագիրը կտևի մոտ 4-5 ժամ,– ասաց նա ու հավելեց, որ դրան կհաջորդեն նախորդ տարիների լավագույն ամանորյա ծրագրերը։ –Ուզում եմ շեշտադրել, հատկապես, «Ամանորի ձայնը», քանի որ այս տարի մենք արեցինք «Հայաստանի ձայնը», և այն դարձյալ ակտուալ է։ Ես համարում եմ, որ «Ամանորի ձայնը» մեր լավագույն ամանորյա ծրագրերից մեկն է»։

 

 

Նախագծին կհաջորդեն 3 սիթքոմերի` «Ֆուլ հաուսի», «Դոմինոյի» և «Ազիզյանների» ամանորյա սերիաների ցուցադրությունը։ «Դոմինո» և «Ֆուլ հաուս»  սիթքոմերի դեպքում դրանք կլինեն եզրափակիչ սերիաները, քանի որ սիթքոմերն այս եթերաշրջանով ավարտվում են։

 

«Մեր հեռուստադիտողներին կոչ եմ անում բաց չթողնել եթերը, որպեսզի տեսնեն սիթքոմերի տրամաբանական ավարտը։ 3 սիթքոմերն էլ շատ ծիծաղելի ամանորյա սերիաներ են ստեղծել։ «Ազիզյանները» սիթքոմից հետո մեր եթերում լինելու է պրեմիերա` «Ֆուլ հաուս» շոու ներկայացումը։ «Ֆուլ հաուսը» և «Պլյուս–մինուսը» 2017 թվականին եղել են ամենաշատ խաղացված և ամենաշատ հանդիսատեսը հավաքած ներկայացումները։ Դրանից անմիջապես հետո կլինի «Ամանոր 2018» հեռուստանախագիծը, որտեղ զետեղել ենք 3 լավագույն նախագծերը` հոբելյանական «Տաշի շոուն», որին կլինեն Հայաստանի ու Ռուսաստանի լավագույն երաժշտական կատարումները` Թաթայի, Ռազմիկ Ամյանի, Քրիստինա Սիի, Սոսո Պալիաշվիլիի, Արմենչիկի, Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հակոյի, Սոնայի և Մկոյի ու բազմաթիվ այլ սիրված մարդկանց կողմից։ Կլինեն հատվածներ Հայկ Պետրոսյանի «ՀԱՅԿական  Նոր տարի» և «Պլյուս մինուս» շոու–ներկայացումներից։  «Պլյուս մինուս»–ը նաև ամբողջությամբ կցուցադրենք տոնական օրերին։ Այն շատ մեծ աղմուկ հանած ներկայացում է»,– ասաց Ռուբեն Մխիթարյանը։

 

 

Պրոդյուսերը կարևորեց հունվարի 1-ին Սարոյի մենահամերգի ցուցադրությունը։ Նրա խոսքով` այն նախորդ տարվա լավագույն համերգն է իր ձայնային և լուսային լուծումներով. «Հստակ կարող եմ ասել, որ Հայաստանում նման շոու համերգ չի եղել։ Ցուցադրման բացառիկ իրավունքը ձեռք է բերել «Արմենիա TV»–ն։ Մյուս օրերին մեր եթերում իրար են հաջորդելու կատակերգական հեռուստաֆիլմեր, համերգներ։ Մինչև Սուրբ Ծնունդ շարունակվելու են տոնական ծրագրերը»։

 

Աշխատանքային օրերի մեկնարկին «Արմենիա TV»–ն խոստանում է պրեմիերա։ «Հունվարի 8–ին համապետական տիրույթում կցուցադրենք «Հին Արքաներ» 15 մասանոց սերիալը, որը 1 տարի  առաջ «Արմենիա Պրեմիումի» հեռուստադիտողը նայել և շատ բարձր է գնահատել»,– եզրափակեց նա։

 

 

 

 

 

Լուսանկարները` Շաքե Հովհաննիսյանի