Ելենա Բորիսենկոն` Ամանորին երազանք պահելու իր տարբերակի և դրա իրականացման մասին
Դերասանուհի Ելենա Բորիսենկոն Ամանորը կդիմավորի ընտանիքի հետ։ Այսօր նա կդիմավորի զարմուհուն, որը սովորում է Մոսկվայում և միայն այսօր է կարողացել ժամանել Հայաստան։ Ելենայի համար սա շատ կարևոր հանդիպում է, քանի որ զարմուհուն համարում է իր հպարտությունը, իսկ նրա մասին խոսելիս աչքերը փայլում են։
Tert.am Life–ի հետ զրույցում Ելենան նշեց, որ շատ է սիրում Ամանորը և հավատում է կախարդանքին, անգամ, եթե դա ինքնախաբեություն է։ «Նոր տարին ամենապայծառ ու ընտանեկան տոնն է։ Գործընկերներիս մեծ մասն աշխատում է Ամանորի գիշերը, ես այս տոնը նվիրում եմ իմ ընտանիքին։ Ես միշտ շատ լավ եմ դիմավորում Նոր տարին։ Ինձ համար այս տարի առավել կարևոր օր է դեկտեմբերի 31–ը, քանի որ քրոջս աղջիկը գալիս է Հայաստան` տոները իմ ու մայրիկիս հետ անցկացնելու։ Նա մեր ընտանիքի լուսավոր կետն է, շատ նման է ինձ։ Շատ եմ կարոտել, այդ իսկ պատճառով Ամանորի սպասումս շատ ավելի մեծ է»,– նշեց դերասանուհին ու վստահ հավելեց, որ զարմուհին դեռ իր խոսքը կասի անիմացիոն ոլորտում։

Ամանորի կախարդանքին Ելենան հավատում է, իսկ կեսգիշերին, անպայման, երազանք է մտապահում։ Իրեն բնորոշ խանդավառությամբ Ելենան պատմեց, թե ինչպես է Ամանորին դուրս եկել դեպրեսիայից։
«Ես սթրես չեմ ապրել նույնիսկ այն ժամանակ, երբ ամուսնալուծվել էի, սակայն 2009–ի հոկտեմբերին իմ կյանքում կատարվեց մի բան, որից իսկապես դեպրեսիա ապրեցի։ Մինչև Նոր տարի նույնիսկ չեմ ժպտացել, թեև ամենաբարդ պահերին ժպտում եմ։ Արամոն ինձ ասաց` Լենո, Նոր տարվա գիշերը երազանք ես պահում, գրում ես թղթին, վառում ես, լցնում շամպայնի մեջ, մտնում սեղանի տակ, պտտվում աջ, պտտվում ձախ, դուրս ես գալիս, խմում շամպայնը և երազանքդ կատարվում է։ Ես այդ դեպրեսիվ դեմքով շատ լուրջ արեցի այդ ամենը։ Չորեքթաթ պտտվում էի սեղանի տակ։ Բոլորը հռհռում էին, բայց երազանքս կատարվեց։ Այս տարի էլ եմ անելու։) Նույնիսկ, եթե դա ինքնախաբեություն է, ավելի լավ է հավատաս ու կյանքդ պայծառ դարձնես»,– պատմեց դերասանուհին։

2018–ից Ելենայի ամենամեծ ակնկալիքը առողջությունն է իր, հարազատների, բոլորի համար։ «Առաջ զարմանում էի, երբ խմում էին առողջության կենացը, սակայն երբ մի քիչ մեծանում ես, հայտնվում ես այնպիսի իրավիճակում, որ հիվանդությունը չի շրջանցում նաև հարազատներիդ, հասկանում ես, որ դա ամենակարևոր բանն է։ Հատկապես չարաբաստիկ քաղցկեղը մեծ տարածում ունի Հայաստանում։ Ես ուզում եմ, որ մեր ազգն առողջ լինի։ Դա ամենակարևոր բանն է»,– լիահույս ասաց նա։
Դերասանուհին նշեց, որ իրենց տանը միշտ տոնական տրամադրություն է,քանի որ իր մայրիկը տոն է և կարողանում է նույնիսկ փոքրիկ առիթը մեծ ուրախության վերածել։ Ամանորին Ելենան չի սիրում պարտադրված հյուր գնալը, սակայն ասում է, որ ինքն ազատված է այդ պարտականությունից։ «Քանի որ մայրս միշտ խախտում է ավանդույթները, պարտավորված հյուր չի գնում, մեզ էլ այդպես է դաստիարակել և մեզանից չեն նեղանում։ Մենք մեր ընտանիքում շատ լավ ենք անցկացնում տոները։ Դա մայրիկիցս է գալիս, նա կարողանում է նույնիսկ ոչնչից տոն ստեղծել։ Դա փոխանցվել է նաև ինձ»,– եզրափակեց նա։
%20copy.jpg?1513590501920)







