Սյուզան Մարգարյան. «Սուրբ Ծնունդն ընտանեկան տոն է, կարևոր է, որ բոլորս միասին լինենք»
Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ ծնունդը։ Թեև մեզանում ընդունված է առավել մեծ շուքով նշել Ամանորը, Սուրբ Ծննդյան խորհուրդը շատ կարևոր է քրիստոնյաների համար։ Tert.am Life-ը տոնի մասին զրույցել է երգչուհի Սյուզան Մարգարյանի հետ։
«Շատ եմ կարևորում Սուրբ Ծննդյան տոնը։ Սիրում եմ օրվա հետ կապված հատուկ ձևավորումներ անել, օրվա խորհրդով ճաշատեսակներ պատրաստել, թեև որպես հայկական ընտանիք` սեղանին այլ տեսականի էլ է լինում։ Ինձ համար սա շատ ընտանեկան տոն է։ Կարևոր է, որ բոլորս միասին լինենք։ Շատ եմ սիրում այդ օրը հյուրեր ընդունել»,– ասաց երգչուհին ու հավելեց, որ սուրբ Ծննդյան տոնին ինքը հյուր չի գնում, միայն հյուրընկալողի դերում է լինում։ Հնարավորության դեպքում նա նաև եկեղեցի է գնում։
Հայկական իրականության մեջ ավելի մեծ շուքով նշվում է Նոր տարին։ Սյուզան Մարգարյանը նշեց, որ իրենք ևս մեծ ոգևորությամբ են նշում Ամանորը, սակայն Սուրբ Ծնունդն էլ չեն անտեսում։ Այն հրաշալի առիթ է ընտանիքով ևս մեկ անգամ հավաքվելու համար։

«Կարծում եմ` Նոր տարին ավելի մեծ նշելը գալիս է խորհրդային տարիներից, երբ կրոնական թեմաներով շատ չէինք խորանում։ Մենք սովոր ենք մեծ շուքով նշել Նոր Տարին, հնարավորինս պահպանել որոշ ավանդույթներ, այցելել միմյանց։ Սուրբ ծնունդն ավելի ընտանեկան տոն է։ Ես շատ երիտասարդ տարիներից կապ եմ ունեցել սփյուռքի հետ, շատ եմ ճամփորդել։ Այնտեղ միշտ կարևորել և նշել են Սուրբ Ծնունդը։ Երևի թե, դրանից է եկել, որ մեր տանը միշտ հավաքվել ու հատուկ նշել ենք այս տոնը։ Եթե քաղաքում ենք լինում, անպայման, հավաքվում ենք»,– նկատեց երգչուհին։
Տոնի խորհուրդը տկն Սյուզանի համար շատ սիմվոլիկ է։ Նա այն առավել կարևորում է մարդկային առումով։ «Ինձ համար այս տոնի խորհուրդը մաքրության, ազնվության մեջ է։ Ես այդպես եմ մոտենում հավատքին։ Ամեն մարդ իր ներսում պետք է հավատք ունենա և, դրան հետևելով, կարողանա կատարել պատվիրանները։ Նման տոնակատարությունները կարևորում եմ մաքրության, միմյանց հանդեպ հանդուրժողականության տեսակետից։ Ինձ համար խորհուրդը դա է, ոչ թե զուտ կտակարանային իմացությունները։ Դրանք սրբություններ են, որոնք կորցնելով մենք շատ բան ենք կորցնում»,– նշեց երգչուհին։








