«Մինչև այժմ Հայաստանում չի արտադրվել նմանատիպ հեռուստասերիալ». Ռուբեն Մխիթարյանը` «ԱրմենիաTV»–ի եթերում ֆիլմի ցուցադրման մասին
Ժան Նշանյանի, Մուրադ Ջանիբեկյանի, Ռուբեն Մուրադյանի, Շողեր Թովմասյանի, Արման Նշանյանի, Շաքե Թուխմանյանի, Աննա Գրիգորյանի և այլ դերասանների մասնակցությամբ «Հին արքաներ» պատմական հեռուստաֆիլմն այսօրվանից երեկոյան 22:30-ին կլինի «ԱրմենիաTV»–ի եթերում։
«Արմենիա TV»–ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Tert.am Life–ի հետ զրույցում ասաց, որ «Հին արքաներ» պատմական հեռուստաֆիլմը կցուցադրվի 15 մասով։
««Հին արքաներ» պատմական հեռուստաֆիլմը, երբ ցուցադրվում էր «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով՝ մեծ արձագանք ստացավ: Կարող եմ վստահ ասել, որ մինչև այժմ Հայաստանում չի արտադրվել նմանատիպ հեռուստասերիալ թե՛ իր ծավալով, թե՛ բովանդակային, թե՛ աշխատվածության առումով։ Առաջինը դա արեց «Արմենիա TV»–ն։ Տարբեր մարդիկ, ովքեր դիտել են հեռուստասերիալը, փաստել են, որ այն շատ ստացված է և ունի դաստիարակչական բնույթ։ Համոզված եմ, որ դիտելով «Հին արքաները», մեր հեռուստադիտողները կզգան իսկական կինոյի համը»,– նշեց պրն Մխիթարյանը։

Նա նկատեց, որ ստեղծագործական թիմը մանրակրկիտ ընտրություն է արել թե ՛ դերասանական կազմի, թե՛ կոստյումների, թե՛ տեղանքի առումով։ «Փորձել ենք մաքսիմալ պահել տվյալ ժամանակաշրջանի շունչը։ Աշխատել ենք հայտնի պատմաբանների հետ։ Հայաստանի լավագույն ուժերն են աշխատել այդ հեռուստասերիալի ստեղծման համար»,– ասաց պրոդյուսերը և հույս հայտնեց, որ նման նախագծերի ստեղծումը շարունակական կլինի, իսկ վարկանիշը կխոսի այն մասին, որ նման հեռուստասերիալի սպասում էին բոլորը։
«Հին արքաների» ռեժիսորը Հարութ Շատյանն է, սցենարի հեղինակները Հարութ Կբեյանն ու Լևոն Գալստյանն են, գլխավոր պրոդյուսերները՝ Դավիթ Բաբախանյանը և Ռուբեն Մխիթարյանը:














