Արման Նշանյանը` սարսափ տարրերով նոր թրիլլերում նկարահանվելու մասին

18:14 • 08.01.18

 

Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է, որ այսօրվանից  Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում կմեկնարկի 18+ նոր հեռուստանովել` «SOS. փրկեք մեր հոգիները» խորագրով։ Ֆիլմի գլխավոր հերոսին մարմնավորում է դերասան Արման Նշանյանը։ Վերջինս  Tert.am Life–ին ասաց, որ նոր հեռուստաֆիլմը թրիլլեր է սարսափի երանգներով։

 

«Ես մարմնավորում եմ գլխավոր հերոսին՝ Վանին, որն անցել է Սիրիայի պատերազմի միջով, կորցրել ընտանիքն ու վերադարձել Հայաստան։ Պատերազմի ընթացքում նա ուղեղի ցնցում է ստացել և դեռ չի կարող աշխատել, սակայն ընկերը համոզում է իրեն վարել Վորոնեժ մեկնող ավտոբուսը։ Ճանապարհին ավտոբուսը վթարի է ենթարկվում, հերոսները հայտնվում են Սատանի ձոր կոչվող տարածքում»,– պատմեց Արմանը։

 

Ֆիլմի պրոդյուսեր Արա Բաղդասարյանը Tert.am Life–ին ասել էր, որ նախագիծն իր ձևաչափով նորություն է հայկական ֆիլմարտադրության մեջ։ Արմանն իր հերթին նշեց, որ միշտ նկարահանվում է էքսպերիմենտալ  նախագծերում։

 

 

«Սիրում եմ, երբ կերպարները լինելում են յուրահատուկ, խորանալու տեղ են ունենում։ Ես իմ գործից հաճույք եմ ստանում, երբ  նմանատիպ նախագծերում եմ նկարահանվում։ «Արմենիա Պրեմիումը» և Ucom–ը տալիս են այդ հնարավորությունը։ Երկրորդ անգամ եմ նկարահանվում իրենց հետ, երկու անգամ էլ բավականին հաճելի համագործակցություն եմ ունեցել»,– ասաց նա։

 

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, անդրադառնալով նոր համագործակցությանը, նշեց. «Ucom-ի հեռուստատեսային բաժանորդների համար աշխատանքային շաբաթն սկսվում է նոր հեռուստաֆիլմի հեռարձակմամբ, որը թույլ կտա ավելի սահուն անցնել աշխատանքային ռեժիմի՝ վայելելով երեկոն մտերիմների հետ: Այս տարի կշարունակենք աջակցել որակյալ հեռուստաբովանդակության ստեղծմանը և տարածմանը: Հրաշալի է, որ «Արմենիա Պրեմիումի» շնորհիվ կարողացել ենք նոր նշաձող սահմանել հայրենական հեռուստաշուկայում և ստանալ իսկապես որակյալ հեռուստաարտադրանք»։

 

 

Արմանը նկատեց, որ թե՛ որպես ռեժիսոր, թե՛ որպես դերասան կարող է փաստել, որ այս նախագծերում միջոցներ չեն խնայվում լավ արտադրանք ունենալու համար։ Նա կարևորեց այն հանգամանքը, որ նախագծում նկարահանվում են պրոֆեսիոնալ դերասաններ։ «Նման նախագծերում ընդգրկվում են լավ դերասաններ, որոնք գուցե շատ հայտնի չեն, սակայն թատրոններից են, շնորհքով են, տաղանդավոր»,– ասաց նա ու հավելեց, որ ռեժիսոր Հարութ Շատանի հետ համագործակցությունն էլ  շատ հաճելի է եղել։

 

Հարցին` իր կարծիքով այս ձևաչափը որքանո՞վ կհետաքրքրի հայ հեռուստադիտողին, դերասանը պատասխանեց, որ սա ԱՄՆ–ում լայն տարածում ունեցող ձևաչափ է։ «Շատ մարդիկ դիտում են ամերիկյան սերիալներ, նշանակում է` պահանջարկը կա։ Կարծում եմ, սա էլ կհետաքրքրի նրանց։ Իհարկե, Հայաստանում հնարավորություններն ավելի սահմանափակ են, սակայն մենք մեր չափով ենք անում աշխատանքը և մեր կարողությունների սահմանում անում ենք լավ գործ»,– նշեց դերասանը։