«Այսպիսի աշխատանքներն են հային ստիպում հպարտանալ, որ ինքը հայ է». հեռուստադիտողների արձագանքը «Հին արքաներին»
Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է, որ «Հին արքաներ» պատմական հեռուստաֆիլմը բավականին բարձր ռեյթինգ է գրանցել։ Վարկանշային աղյուսակում հեռուստաֆիլմը շարունակում է հաստատուն պահպանել հեռուստադիտողների 35-40 տոկոս լսարանը։
«Հին արքաները» յութուբյան էջում բավականին շատ են դրական մեկնաբանությունները։ Հեռուստադիտողները շնորհակալություն են հայտնում ստեղծագործական անձնակազմին` որակյալ արտադրանք ներկայացնելու համար։ Հեռուստադիտողները շեշտում են, որ պատմական ֆիլմն օգտակար է ոչ միայն երեկոյան ժամանցի ապահովման, այլև նոր բան սովորելու համար։ Ֆիլմի նկարահանող անձնակազմը մեծ միջոցներ է ծախսել նկարահանման վայրերի ընտրության ու կահավորման համար։ Սա չի վրիպել հեռուստադիտողների ուշադրությունից։ Մանրակրկիտ աշխատած դետալներն ու ռեժիսորական աշխատանքը ևս դրական մեկնաբանությունների տեղիք են տվել։ Լսարանը շեշտում է ֆիլմի լեզուն, որը մաքուր հայերեն է, առանց օտարաբանությունների։ Մենք առանձնացրել ենք որոշ մեկնաբանություններ ֆիլմի մասին.
• Վերջապես։ Ուսուցանող, հետաքրքիր ու որակով ֆիլմ։ Դերասանական կազմն էլ ուղղակի հրաշք է։ Միայն ու միայն շնորհակալություն նման ֆիլմի համար։
• Շատ լավն էր։ Նայել եմ մեծ հետաքրքրությամբ։ Դերասաններն էլ շատ լավ են խաղում։ Կարծում եմ` ուսուցողական ամենալավ սերիալն է։ Այսպիսի սերիալներ շատ են պետք։
• Շատ հետաքրքիր կինո էր, իսկապես, տարեցտարի զարգանում են հայկական կինոները, բրավո։
• Հայկական հեռուստատեսության համար սա պարզապես շեդեվր է։
• Հայկական սերիալներն ավելի լավն ու բովանդակալից են դարձել։ Հիացած եմ և հաճույքով եմ դիտում։ Շնորհակալություն բոլոր ստեղծողներին և մեր տաղանդավոր դերասաններին։ Ուրախացրեք մեզ Ձեր աշխատանքներով։
• Վերջապես մեր հայերեն լեզուն ենք լսում։ Որքան գեղեցիկ է այն։
• Վերջապես! Շնորհակալություն նման բարձրորակ ու հետաքրքիր ֆիլմ նկարահանելու համար, ամեն ինչ հիասքանչ էր։ Շարունակեք նույն ոգով, հավատացեք, որ հայ ազգի մակարդակով մասսան կնայի ու կգնահատի հենց այս ֆիլմը, ոչ թե մերօրյա էժանագին ու ռաբիս սերիալները։ ԿԵՑՑԵՔ, հենց այսպիսի աշխատանքներն են հային ստիպում հպարտանալ, որ ինքը հայ է։
Հեռուստադիտողներից շատերն ակնկալում են աշխատանքի շարունակություն` նշելով, որ ուզում են հայկական հեռուստաեթերում ավելի շատ տեսնել նմանատիպ ֆիլմեր։ Ֆիլմի հեղինակներն ու պրոդյուսերներն առայժմ լռում են այս թեմայով։














