«Վերջին գործարքը» քրեական նոր դրամա` Մերի Հակոբյանի, Մովսես Երեմյանի, Շողեր Թովմասյանի և այլ դերասանների մասնակցությամբ

18:20 • 25.01.18

 

Ջոն Մակարյանի, Սամվել Փիլոյանի, Մերի Հակոբյանի, Շողեր Թովմասյանի, Հայկ Դուրգարյանի, Մովսես Երեմյանի, Օլյա Հակոբյանի  և այլ դերասանների մասնակցությամբ «Վերջին գործարքը» քրեական դրաման փետրվարի 12-ից շաբաթը 5 օր կլինի Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում։ 24 մասանոց ֆիլմի բեմադրող ռեժիսորը Դավիթ Զոհրաբյանն է: Սցենարի հեղինակներն են Դավիթ Զոհրաբյանը, Արթուր Մկրտչյանը և Նարեկ Ավագյանը:

 

Ֆիլմի սցենարի հեղինակ Արթուր Մկրտչյանը Tert.am Life–ի հետ զրույցում պատմեց, որ ֆիլմում շատ կերպարների համար վերջին գործն է կամ գործարքը, այստեղից էլ մտահղացել է անվանումը «Վերջին գործարքը»:

 

«Սա քրեական դրամա է, ֆիլմարտադրության այս ոլորտը դեռևս բաց է Հայաստանում, նման ֆիլմեր քիչ կան: Մինչև «Վերջին գործարքը» ես և ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանը միասին աշխատել ենք ռուսական 4 մարտաֆիլմերում և ունենք փորձ: «Վերջին գործարքը»  հիանալի հնարավորություն էր՝ մեր ունեցած փորձը  տեղական ֆիլմարտադրությունում կիրառելու համար»,- ասաց Արթուր Մկրտչյանը:

 

 

Ըստ նրա` ֆիլմը բավականին ծախսատար էր, սակայն իրենք աշխատել են չխնայել միջոցները և  ստանալ լավագույն արդյունքը: Ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանն էլ նշեց, որ «Վերջին գործարք»-ում բավականին բարդ տեսարանները նկարահանել են առանց  իմիտացիաների։

 

«Վտանգավոր տեսարաններ, պայթյուններ, կրակոցներ... Եթե կրակում ենք կամ պայթեցնում, հրավիրում ենք մասնագետների։ Այս ամենը նկարահանում ենք, ոչ թե գրաֆիկա օգտագործում»,– ասաց  նա` ավելացնելով, որ պահպանել են պրոֆեսիոնալիզմը ցանկացած բարդ իրավիճակում:

 

Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանն էլ ասաց. «Ucom ցանցի հեռուստադիտողներն, ինչպես միշտ, հնարավորություն ունեն առաջինը դիտելու հայրենական ժամանակակից ֆիլմարտադրության որակյալ նմուշները: Դինամիկ կերպով զարգացող դրամայի յուրաքանչյուր մաս օր առաջ կհայտնվի «Տեսավարձույթ» բաժնում բոլոր այն հեռուստադիտողների համար, ովքեր անհամբերությամբ են սպասում շարունակությանը»:

 

 

Քրեական դրամայում բավականին շատ են զոհերը, սցենարի հեղինակների համոզմամբ`  այդպես ավելի հետաքրքիր ու դինամիկ է։

 

Անդրադառնալով դերասանների հետ համագործակցությանը՝ ռեժիսորը նշեց, որ նրանց մեծ մասի հետ առաջին անգամ էր նկարահանման հրապարակում:

 

«Հաջողված դերասանական կազմ էր, ես գոհ եմ: Մինչև նկարահանումները մենք բավականին աշխատել ենք դերասանների հետ: Իհարկե, լինում էին պահեր, երբ միմյանց լավ չէինք հասկանում, բայց քննարկումների ու փոխհամաձայնության արդյունքում ամեն ինչ հարթվում էր»,– պատմեց Դավիթ Զոհրաբյանը և հավելեց, որ ֆիլմում նկարահանվել են նաև անձնակազմի բոլոր անդամները։

 

Լուսանկարները` Գրիգոր Հովսեփյանի

«Վերջին գործարքը» քրեական նոր դրամա` Մերի Հակոբյանի, Մովսես Երեմյանի, Շողեր Թովմասյանի և այլ դերասանների մասնակցությամբ