Հայաստանում 3 մրցույթ անցկացնելն իրենց խնդիրն է. «Միսս Հայաստանի» ղեկավարը` Գոհարի և Մամիկոնի կազմակերպած տարբեր մրցույթների և իր մրցույթն անցկացնելու մասին
Հայաստանի գեղեցկուհու ընտրության հարցը շարունակում է մնալ քննարկումների կիզակետում։ «Միսս Արմենիա 2017»-ից հետո «Միսս Հայաստան-ազգային գործակալություն» հկ նախագահ Կարեն Արիստակեսյանը հայտարարեց, որ ինքը պատրաստվում է վերականգնել «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը և չափորոշիչներին համապատասխան մրցույթ անցկացնել։
Այս տարի «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի ղեկավար Գոհար Հարությունյանը նախաձեռնում է նոր մրցույթ։ 2012 թվականի Հայաստանում անցկացված «Միսս Հայաստան» մրցույթի կազմկոմիտեի նախագահ Մամիկոն Դանիելյանը ևս հայտարարել է գեղեցկության մրցույթ անցկացնելու մասին։ Ստացվում է` Հայաստանում գեղեցկության մրցույթ են կազմակերպելու 3 տարբեր կազմակերպություն։
Tert.am Life–ը զրուցեց «Միսս Հայաստան-ազգային գործակալություն» հկ նախագահ Կարեն Արիստակեսյանի հետ, որը նախկինում համագործակցել է Մամիկոն Դանիելյանի հետ։ Նա նշեց, որ Մամիկոն Դանիելյանն այժմ իրենց հետ կապ չունի։ Գոհար Հարությունյանի հետ Կարեն Արիստակեսյանը դատական կարգով է փորձում լուծել խնդիրները։

Ինչ վերաբերում է ավելի վաղ արված հայտարարությանը, որ ինքը նպատակ ունի կրկին «Միսս Հայաստան» անցկացնել, Արիստակեսյանն ասաց, որ այժմ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ. «Իհարկե, աշխատանքներ տարվում են։ Այդ մասին լրացուցիչ տեղեկություններ կտանք»։
Հարցին` Հայաստանի պես փոքր երկրում գեղեցկության 3 մրցույթ անցկացնելը շատ չէ՞, Արիստակեսյանը պատասխանեց. «Դա իրենց խնդիրն է, իրենք պիտի մտածեն»։
Նա կարծում է, որ ինքը կկարողանա կազմակերպել այնպիսի մրցույթ, որը մրցակցությունից դուրս կլինի։







