«Անմոռանալի օր ունեցա». Իրինա Թովմասյանի փախուստն ամուսնու հետ` իր 36-ամյակի առթիվ
«Միսս Հայաստան 2000» Իրինա Թովմասյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը։ Իրինան բոլորել է 36 տարին։ Tert.am Life–ի հետ զրույցում Իրինան պատմեց, որ այս տարի տարեդարձը տոնել է բոլորից հեռու` ամուսնու հետ փախչելով Ծաղկաձոր։
«Դավթի հետ որոշեցինք երկուսով նշել ծնունդս ու գնացինք Ծաղկաձոր։ Երբ ուզում ենք աշխարհից կտրվել, միշտ երկուսով ինչ–որ տեղ ենք փախչում։ Թեև վերջերս էինք վերադարձել երկուսով հանգստից, որոշեցինք 1 օրով էլ փախչել բոլորից։ Ամեն ինչ հրաշալի անցավ»,– ասաց Իրինան։
Ամուսնու նվերը Իրինայի համար շատ «անհրաժեշտների» շարքից էր։ «Նախորդ շաբաթ առաջին անգամ փորձել էի դահուկ քշել ու տարվել էի այս սպորտաձևով։ Դավիթն ինձ դահուկ և համապատասխան պարագաների հավաքածու նվիրեց, ինչի համար շատ ուրախացա։ Երեկ էլ ամբողջ օրը դահուկ ենք քշել, միասին շատ լավ ժամանակ անցկացրել։ Անմոռանալի օր ունեցա»,– պատմեց Իրինան։

3 դուստրերը` Մեգին, Ալվինան և Մարիան, ևս անակնկալ են մատուցել մայրիկին։ Թեև նրանց ընտանիքում ընդունված է շուտ քնել, արթուն են մնացել մինչև կեսգիշեր ու մայրիկին նվիրել իրենց պատրաստած բացիկն ու տորթը։
«Իրենք դայակների օգնությամբ տորթիկ էին պատրաստել։ Շատ ոգևորիչ էր։ Արդեն առավոտյան պուճուրս` Մարիան, հաճելի անակնկալ արեց։ Երբ անհանգիստ է լինում, իր կողքին եմ քնում։ Առավոտյան արթնացրեց, համբուրեց ու շնորհավորեց։ Երեքուկես տարեկան է, բայց հիշում էր, որ ծնունդս է։ Շատ հաճելի առավոտ էր»,– ասաց Իրինան ու հավելեց, որ երեկվանից անդադար ժպտում է։









