«Երեխայի ծննդով կյանքդ իմաստավորվում է». Լալա Մնացականյանը տատիկ է դարձել
ՀՀ Վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը տատիկ է դարձել։ Նրա և Աշոտ Համբարձումյանի մինուճար դուստրը` Մանեն, իրենց աղջիկ թոռնիկ է պարգևել։ Tert.am Life–ի հետ զրույցում նորաթուխ տատիկն ասաց, որ շատ երջանիկ է։
«Եթե իմանայի, որ տատիկ լինելն այսքան լավ բան է, միանգամից տատիկ կծնվեի»,– կատակեց նա։
Դերասանուհին թոռնուհու ծննդյան մասին իմացել է, երբ նկարահանման հրապարակում էր։ Փոքրիկին տվել են Էվա անունը։ Տկն Լալան չի ակնկալել, որ աղջնակին կտան իր անունը։
«Երբ ես էի բալիկ ունենում, տատիկ–պապիկներից որևէ մեկը չէր էլ ակնկալում, որ ես իրենց անունը կտամ երեխայիս։ Ես դեմ եմ այդ սովորությանը։ Անունն անհատական է։ Այլ հարց է, երբ մարդուն այնքան ես սիրում, որ ուզում ես իր անունը շարունակվի, սակայն մեզ մոտ դա դարձել է պարտադրանք։ Ես դրան դեմ եմ։ Անվան հարցում նույնիսկ չեն խորհրդակցել մեզ հետ։ Ես կարծում եմ, որ այդպես ճիշտ է»,– ասաց նա։

Դերասանուհին փորձում է վայելել թոռնուհու հետ անցկացրած ամեն րոպեն։ «Խնամքի համար ինձ հերթ չի հասնում, քանի որ մայրն ու հայրն ամեն ինչ անում են։ Մենք թիկունքն ենք ապահովում, օգնող բանակն ենք։) Ես իմ զբաղվածության մեջ գտնում եմ րոպեներ ու ժամեր, որպեսզի նվիրեմ այդ հրաշքին։ Երեխայի ծննդով կյանքդ իմաստավորվում է, շարունակություն է գալիս»,– ուրախությամբ նշեց նա։
Դերասանուհին երջանիկ կին է` կայացել է թե՛ աշխատանքում, թե՛ ընտանիքում։ Ասում է` երջանկությունն այն չէ, թե ինչքան շատ բան ունես, այն է, որ գնահատես ունեցածդ։ Ինքը գնահատում է իր ունեցածն ու երջանիկ կին, մայր, հիմա արդեն` տատիկ է։







