Մերիի, Աբելի, Մարինկայի, Մարիամի «Գնված երջանկությունը»` կրկին եթերում

13:54 • 20.02.18

 

Փետրվարի 26-ից Արմենիա TV-ն կհեռարձակի «Գնված երջանկություն» 20 մասանոց հեռուստասերիալը, որում խաղում են Մերի Մակարյանը, Աբել Աբելյանը, Մարինկա Խաչատրյանը, Լուիզա Ներսիսյանը, Արթուր Նալբանդյանը, Կարինե Ջանջուղազյանը, Մարիամ Ադամյանը, Հայկ Սարգսյանը և այլք:

 

Ֆիլմի հիմքում մի աղջկա պատմություն է, ում մարմնավորում է դերասանուհի Մերի Մակարյանը: Հերոսուհին հանգամանքների բերումով աշխատում է որպես սպասուհի: Նա խաբվում է սիրելիի կողմից, սակայն չի կոտրվում: Մերիի կերպարին հաջողվում է շրջել իրադարձությունների հունը:

 

«Ֆիլմը ստեղծում է մեր օրերի հերոսի կերպար, որն իր հաջողության գրավականը համարում է ոչ թե շահավետ ամուսնությունը կամ լավ ծանոթներ, շրջապատ ունեցող մարդկանց հետ շփվելը, այլ ինքնակրթությունը: Առաջին պլան է մղվում  մարդու ինտելեկտուալ ազատությունը, ինչը նորույթ է մեր սերիալարտադրության մեջ։ Ֆիլմն ունի կոնկրետ ասելիք՝ 21–րդ դարում, երբ մարդուն անընդհատ ներարկում են, որ ամեն հարց կյանքում փողով է լուծվում, ամեն ինչ հնարավոր է գնել ու վաճառել, հերոսներն իրենց ճակատագրով գալիս են ապացուցելու, որ դա այդպես չէ, որ մեր օրերում ամենակարևոր ու թանկ բանը ոչ թե փողն է, այլ անկեղծ զգացմունքները, տվյալ դեպքում` սերը: Հարուստ լինես, թե աղքատ, եթե չունես իրական սեր, չես կարող երջանիկ լինել»,– ասաց ֆիլմի պրոդյուսեր Արա Բաղդասարյանը։

 

Սա առաջին հեռուստանախագիծն է, որում Մերին ներկայանում է դրական հերոսուհու կերպարով։ Ֆիլմում կան նաև բաց տեսարանների Մերիի մասնակցությամբ։ Աբել Աբելյանն էլ այս նախագծով հեռուստաեթեր վերադարձավ մի քանի տարվա դադարից հետո։

 

Tert.am Life-ը ներկա է եղել սերիալի նկարահանումներին և իր ընթերցողներին է ներկայացնում ֆոտոշարք։

 

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի