«Առաջին կիսաեզրափակչի օրինակով հասկացանք, որ ամեն ինչ անկանխատեսելի է». Տյոմը` «Դեպի եվրատեսիլի» և իր ելույթի մասին

17:55 • 21.02.18

 

Վաղը կկայանա «Դեպի եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչը, որի արդյունքում կընտրվեն եզրափակչի մյուս 5 մասնակիցները։ X-Factor նախագծից լսարանին հայտնի Տյոմը ևս պայքարում է «Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանի պատվիրակը դառնալու համար։ Նա ներկայանում է Follow The Ocean երգով։

 

Tert.am Life–ի հետ զրույցում Տյոմն ասաց, որ պատասխանատու ելույթից առաջ փոքր–ինչ հուզված է։ «Իսկապես, շատ պատասխանատու ելույթ է։ Մենք պայքարում ենք երկիրը ներկայացնելու համար։ Ես շատ լուրջ եմ մոտենում այս հարցին»,– ասաց նա:

 

Երգիչը հայտնեց, որ հեռուստադիտողներն իր մասնակցությամբ կտեսնեն պարային շոու. «Ես էլ եմ պարելու։ Շատ լավ ենք պատրաստվում։ Շատ լավ եմ տրամադրված։ Իմ ուժերի սահմաններում ամեն ինչ կանեմ, որպեսզի լավ ներկայանամ ու, իհարկե, կսպասեմ մարդկանց քվեարկությանը»։

 

 

Եզրափակիչ անցնելու իր հնարավորությունը Տյոմը գնահատում  է 70 տոկոս։ «Շատ մեծ հույսեր ու ցանկություն ունեմ անցնելու եզրափակիչ։ Ես պատրաստ եմ Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլում», սակայն եթե, նույնիսկ, չանցնեմ, չեմ տխրի։ Ամեն դեպքում, ցանկությունս ու հավատս մեծ է, որովհետև շատ եմ աշխատում։ Երգիս մասին շատ հակասական կարծիքներ են հնչել։ Այն, ինչ մինչև հիմա լսել եմ, հիմնականում, հայ հանդիսատեսի գնահատականն է, թե ինչպես կարող է գնահատել եվրոպացի հանդիսատեսը, դժվար է ասել։ Առաջին կիսաեզրափակչի օրինակով հասկացանք, որ ուղղակի պետք է սպասենք արդյունքներին։ Ամեն ինչ շատ անկանխատեսելի է, արդեն զգում ենք «Եվրատեսիլի» շունչը, քանի որ Եվրոպայից ընտրված ժյուրին մասնակցում է քվեարկությանը, մենք տեսնում ենք այն պատկերը, ինչը կարող է տեսնել Եվրոպան»,– ասաց երգիչը։

 

Տյոմի կանխատեսումները կապված առաջին կիսաեզրափակչի հետ մասամբ են արդարացել։ Ոմանց տեսել է եզրափակչում, սակայն չեն անցել հաջորդ փուլ։ «Կային մարդիկ, ովքեր արդեն հայտնիություն ունեին, շատ աշխատել էին, սակայն չհայտնվեցին եզրափակչում։ Ինձ համար անսպասելի էր։ Մտքումս ունեմ ֆավորիտներ, սակայն հաղթողների հավանական եռյակ չունեմ։ Ամեն դեպքում, 20 մասնակիցն էլ ամեն ինչ անում են, որպեսզի հայտնվեն եզրափակչում և գնան «Եվրատեսիլ»»,– ասաց նա։

 

«Առաջին կիսաեզրափակչի օրինակով հասկացանք, որ ամեն ինչ անկանխատեսելի է». Տյոմը` «Դեպի եվրատեսիլի» և իր ելույթի մասին