Նիկոլայ Եղիազարյանի առաջնեկի ծնունդն ու երեխայի սեռն իմանալու հետաքրքիր եղանակը

11:54 • 26.02.18

 

Այս գիշեր լույս աշխարհ է եկել դերասան Նիկոլայ Եղիազարյանի առաջնեկը։ Կինը՝ Հելենը, նրան դուստր է պարգևել, ում զույգն անվանակոչել է Ռուբինա։ Հուզված հայրիկը Tert.am Life-ին ասաց, որ շատ երջանիկ է։ Նա ի սկզբանե ուզում էր դուստր ունենալ։

 

Պարզվում է` ամիսներ առաջ զույգը գնացել էր երեխայի սեռը պարզելու, սակայն Հելենի մտահղացմամբ` բժիշկը ոչ թե իրենց էր հայտնել երեխայի սեռը, այլ Նիկոլայի քրոջը։ Վերջինս «բեյբի շաուեր» էր կազմակերպել, որի ժամանակ էլ տուփից դուրս եկող փուչիկների գույնից ծնողները հասկացել են, թե ինչ սեռի երեխա են ունենալու։

 

«Շատ–շատ ուրախ եմ, որ առաջին երեխաս աղջիկ է, քանի որ միշտ ցանկացել եմ առաջինն աղջիկ ունենալ։ Ռուբինա անունը ես եմ ընտրել։ Ես շատ–շատ եմ սիրում այդ անունը։ Կարծում եմ` շատ յուրօրինակ անուն է։ Հելենն էլ շատ մեծ սիրով ընդունեց առաջարկս, ընտանիքիս անդամներն էլ։ Քանի որ հայրիկիս անունը Ռուբեն է, բոլորից շատ նա էր ուրախացել»,– պատմեց դերասանը։

 

 

Նիկոլայը չէր կարողանում թաքցնել հուզմունքն ու երջանկությունը։ Ասում է`կնոջ հղիության մասին իմանալու առաջին իսկ օրվանից անասելի երջանիկ է։

 

«Երբ իմացա, որ բալիկի ենք սպասում, աննկարագրելի զգացողություններ ունեի։  Վերջին օրերն էլ էին շատ զգացմունքային, քանի որ անընդհատ սպասողական վիճակ էր։ Կինս մի բառ ասում էր, թեթև լավ չէր զգում, վայրկյանական հագնվում, պատրաստ կանգնում էի, թե գնանք հիվանդանոց, մինչև եկավ իսկապես հիվանդանոց գնալու պահը։ Հուզմունք ու լարվածություն կար, որը հիմա երջանկության է վերածվել։ Աննկարագրելի զգացողություն է»,– նշեց նա։

 

Դերասանը գիտակցում է, որ երեխայի ծննդից հետո իր պատասխանատվությունն ավելի մեծ է, սակայն դրանից չի խուսափում. «Այս լուրն իմանալուց հետո հասկացա, որ պատասխանատվությունս ավելի է մեծանում։ Վստահ եմ` աղջկաս լույս աշխարհ գալն ինձ ուրիշ է դարձնելու, ավելի պատասխանատու, ավելի երջանիկ ու միշտ տանելու է դեպի ավելի լավը։ Դա Աստծո այն պարգևն է, որը շատ կարևոր է յուրաքանչյուր ընտանիքի համար։ Ես պատրաստ ու պատասխանատու եմ հայր լինել»։

 

 

Փոքրիկի դաստիարակությունը ծնողները սկսել են դեռ հղիության ընթացքից։ Նիկոլայն ասում է, որ շատ էր կարևորում, թե այդ ընթացքում ինչ երաժշտություն էր հնչում, ինչ միջավայրում էր լինում կինը։

 

Դերասանը նշեց, որ հղիության  ընթացքում Հելենը կամակոր չէր դարձել, սակայն ինքը շատ էմոցիոնալ էր ու օր օրի ավելի ուշադիր էի դառնում. «Նախապատրաստական փուլում ամեն հարցում օգնում էի կնոջս։ Բոլոր գնումները միասին ենք արել, իհարկե, ավելի շատ ընտրությունը Հելենն էր անում, սակայն ես վստահում եմ նրա ճաշակին»։