«Հասկացա, որ ինձանից լավ ոչ ոք չի կարող ներկայացնել այս երգը». Մարինա Թագակչյանը` նոր տեսահոլովակի և առաջացած բարդությունների մասին

15:27 • 28.02.18

 

Երգահան Մարինա Թագակչյանը տեսահոլովակ է ներկայացրել հեղինակային «Զինվոր ես» երգի հիման վրա, որի ռեժիսորը Արթուր Վարդանյանն է։  Tert.am Life–ի հետ զրույցում Մարինան ասաց, որ այս աշխատանքն առանձնահատուկ էր իր համար։

 

«Սա իմ 7-րդ աշխատանքն է, որը նվիրված է հայ զինվորին։ Շատերն ասում են` շատ ճիշտ թեմա ես ընտրել, այսօր «մոդա» է, ինչն ինձ նյարդայնացնում է։ Ես դեռ 15 տարի առաջ եմ գրել առաջին գործերս այդ թեմայով, այն միշտ ակտուալ է եղել իմ սրտի, հոգու համար։ Ես տեսակով շատ հայրենասեր եմ»,– ասաց նա ու հավելեց, որ որոշել է ինքը կատարել երգը, քանի որ միայն ինքը կարող էր լավագույնս ներկայացնել այն ապրումները, որ ունեցել է։

 

«Որպես կատարող` ես մի անգամ եմ ներկայացել իմ երգով և միշտ ասել եմ, որ այլևս չեմ երգելու, սակայն այս անգամ որոշեցի ինքս կատարել երգը։ Այն ծնվել է քառօրյա պատերազմից հետո։ Պատերազմի օրերին ես շատ ծանր ապրումներ ունեի։ Այդ ժամանակ բալիկի էի սպասում, ինձ հակացուցված էին այդպիսի էմոցիաները, բայց չէի կարողանում վերահսկել, շատ ծանր էի ապրում ամեն զինվորի մահը։ Ինքս ինձ խոստացա, որ բալիկիս ծննդից հետո ինչ-որ բան պետք է անեմ։ Երկար մտածում էի` ում կարող եմ տալ երգը, որպեսզի ոչ միայն տեխնիկապես, այլև էմոցիոնալ առումով ճիշտ ներկայացնի, հասկացա, որ ինձանից լավ ոչ ոք չի կարող ներկայացնել, ես ինձ լիարժեք բավարարված կզգամ, եթե ինքս կատարեմ երգը։ Ես ուղղակի ոչ ոքի չվստահեցի այս երգը»,– նշեց Մարինան։

 

 

Աշխատանքի նախապատրաստական փուլում խնդիրներ էին առաջացել, որոնք ինչ–որ պահի ընկճել էին երգահանին։ Նա գրել էր, որ տեսահոլովակի աշխատանքները դադարեցվել են։ Մարինան մանրամասնեց, թե ինչն էր իրեն հուսալքել. «Պատերազմական բոլոր տեսարանները մենք ենք նկարահանել, այլ նկարահանումներից արված մոնտաժ չկա։ Զորամասում նկարահանում անելն ու զինտեխնիկան գործի դնելը հնարավոր էր միայն նախարարի հավանությամբ և ստորագրությամբ։ Նրա ստորագրությունն ունեինք, սակայն նկարահանումները ձգձգվում էին։ Ես ուզում էի հունվարի 28–ին պրեմիերա անել, սակայն չստացվեց, ինչից սրտնեղել էի։ Փառք աստծո, ի վերջո, նկարահանեցինք տեսահոլովակը»։

 

Երգահանը շեշտեց, որ այս աշխատանքը չի կարող կոմերցիոն լինել։ Իր համար ամենակարևորն այն էր, որ կարողացավ ինքնաարտահայտվել։ «Կարծում եմ` պետք է պրոպագանդել նման թեմաները։ Չեմ ասում` բոլորը զինվորների ու բանակի մասին երգեն, սակայն որակը մի քիչ պետք է բարձրանա, որպեսզի վերագտնենք մեր կորցրածը, այն, ինչ ժամանակին անում էինք Մարինա Ալեսի, Էդգար Գյանջումյանի և մյուսների հետ։ Հիմա մենք ընդհատակ ենք անցել, սակայն ես վերադարձել եմ և անընդհատ ասելու եմ իմ խոսքը, հասնելու եմ նրան, որ երբեմնի լավ երգերը, երգարվեստում ծանրակշիռ ավանդ թողնելը նորից շարունակվի։ Աղբը պետք է վերացնել»,– եզրափակեց նա։

«Հասկացա, որ ինձանից լավ ոչ ոք չի կարող ներկայացնել այս երգը». Մարինա Թագակչյանը` նոր տեսահոլովակի և առաջացած բարդությունների մասին