Ինչ է սպասվում «Արմենիա TV»–ի գարնանային եթերաշրջանում
Այսօրվանից մեկնարկում է «Արմենիա» հեռուստաընկերության գարնանային եթերաշրջանը։ «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Tert.am Life–ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ նոր ծրագրեր են սպասվում հեռուստաընկերության գարնանային եթերաշրջանում։
«Երկուշաբթի և չորեքշաբթի եթերում կլինի «Ազիզյանները» սիթքոմի երկրորդ եթերաշրջանը։ Նախագծի առաջին եթերաշրջանը շատ բարձր վարկանիշ է գրանցել, հաղթարշավը շարունակվելու է։ Երեքշաբթի և հինգշաբթի սիթքոմի պրեմիերա է մեր եթերում։ Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ «Չեյնջ» սիթքոմն է, որի շրջանակում միանգամից 2 իրարից շատ տարբեր Հովհաննես Ազոյանի ենք տեսնելու։ Նրա կողքին կլինեն բազմաթիվ հայտնի դերասաններ։ Շատ ծիծաղաշարժ սիթքոմ է ստացվել»,– ասաց նա ու հավելեց, որ ուրբաթ օրերին եթերում կլինի 3/Օֆֆ նախագիծը, որը լի է անկանխատեսելի խաղերով ու իրավիճակներով։
Մարտի 24–ից շաբաթ երեկոյան հեռուստադիտողներին պրեմիերա է սպասվում` երեկոյան նոր շոու, որը վարելու է Հովհաննես Ազոյանը։ ««Երեկոյան Ազոյան» շոուն շատ հետաքրքիր է։ Համոզված եմ, որ այն բազմաթիվ ուրախ պահեր է պարգևելու մեր հեռուստադիտողներին։ Նախագծից անմիջապես հետո «Արմենիայի» հեռուստադիտողները կկարողանան ծանոթանալ նոր ձևաչափի՝ Stand up քոմեդի շոուի հետ։ Այն մեկ տարի իր ճանապարհն անցել է «Արմենիա Պրեմիումի» եթերում` բազմաթիվ դրական էմոցիաներ պարգևելով հեռուստադիտողներին։ Հասկացանք, որ դարձել է հեռուստաեթերի անփոխարինելի ժանրի ծրագրերից մեկը, քանի որ շատ դրական արձագանքներ ենք ստացել»,– ասաց Ռուբեն Մխիթարյանը։ Հեռուստադիտողները կարող են հետևել նախագծերի ընթացքին և կադրից դուրս մնացած լուսանկարներին «Արմենիա TV»-ի ինստագրամյան պաշտոնական էջում։









