«Լավ երեկո» ժամանցային հաղորդման ստեղծագործական խումբը նկատողություն է ստացել. Առաջին ալիքի պարզաբանումը

15:04 • 15.03.18

 

Մի քանի օր է` չի դադարում աղմուկը Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» նախագծի շուրջ։ Ժամանցային ծրագրի հաղորդավար Արամ MP3–ն և լրագրող Արուս Տիգրանյանը, ի վերջո, խոսեցին և պարզաբանում տվեցին աղմկահարույց եթերի վերաբերյալ` շեշտելով, որ իրենք որևէ մեկին վիրավորելու միտում չեն ունեցել։ Հաղորդումը պատրաստվել է հումորային կոնտեքստում։

 

Արամ MP3-ի դեպքում քննարկվում էր «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի հետ զրույցը, որը եթեր էր հեռարձակվել առանց մոնտաժի։ Արուս Տիգրանյանի պատրաստած ռեպորտաժը քննարկվել էր ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի մակարդակով։ Վերջինս անթույլատրելի էր համարել նման բացթողումը։ 

 

Առաջին ալիքից  Tert.am Life–ին հայտնեցին, որ «Լավ երեկո» ժամանցային հաղորդման ստեղծագործական խումբը նկատողություն է ստացել։

 

«Հանրային հեռուստաընկերությունն այս թեմայով, իհարկե, ունեցել է քննարկում նախարարի հետ։ Ցավում ենք, որ մեր ստեղծագործական խմբի՝ առանց ենթատեքստի արած նյութը, հումորային կոնտեքստից վերածվել է նման խնդրի և հասարակության որոշ շրջանակների մոտ դժգոհություն է առաջացրել: Հավատացնում ենք, որ ստեղծագործական խումբը որևէ մեկին վիրավորելու միտում չի ունեցել, իսկ էթիկայի նորմերի խախտման պատճառով, «Լավ երեկո» ժամանցային հաղորդման ստեղծագործական խումբը նկատողություն է ստացել: Տեղեկացնում ենք նաև, որ թողարկումը հանվել է թե ՛ Յութուբյան էջից, թե ՛մեր պաշտոնական կայքից»,– պատասխանել են Առաջին ալիքի Հասարակայնության հետ կապերի բաժնից։