«Վստահ եմ` կանանցից ոչ ոքի չեմ վիրավորել, սակայն ներողություն եմ խնդրում, եթե ինչ֊որ մեկը վիրավորվել է իրենց փոխարեն». Արուս Տիգրանյանը` ՔՀԿ–ում արված ռեպորտաժի մասին
Արուս Տիգրանյանը մի քանի օրվա լռությունից հետո Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է «Լավ երեկոյի» շրջանակում իր պատրաստած ռեպորտաժի շուրջ բարձրացած աղմուկին և գրել.
«Սիրելիներս, չեմ պատկերացրել, որ նման մեծ ռեզոնանս կարող էր ունենալ քրեակատարողական հիմնարկին իմ անդրադարձը: Այո՛, մեր հաղորդումը հումորային է, և բնավ միտում չեմ ունեցել վիրավորելու որևէ մեկին, և չենք նկարել որևէ մեկին՝ առանց իրենց ցանկության կամ մոլորեցնելու միջոցով, ավելին, ովքեր ցանկացել են դեմքը թաքցնել, անպայմանորեն հաշվի ենք առել:
Ինձ հետ զրուցած կանայք շատ լավ ծանոթ էին թէ՛ հաղորդմանը, թե՛ ինձ, թե՛ իմ տեսանյութերին, և ինչպես իրենք նշեցին. «Շնորհակալ ենք, որ մեզ լավ առիթներով եք հիշել, մեր օրը տոն եք դարձրել»։
Իրենց հետ շփվելով՝ վստահ եմ, որ նրանցից ոչ ոքի չեմ վիրավորել, սակայն ներողություն եմ խնդրում, եթե ինչ֊որ մեկը վիրավորվել է իրենց փոխարեն։
Իմ ցանկությունն էր հավասար հարթության վրա ցույց տալ այն անձանց, ում, գրեթե, չենք անդրադառնում, և ցույց տալ, որ իրենք էլ կարող են բոլորի պես մասնակցել ուրախ, թեթև տեսանյութերի»։
Ավելի վաղ ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասել էր. «Կարծում եմ` դա անթույլատրելի է և ինքս շատ մտահոգված եմ այդ դեպքով ու շատ լուրջ քննարկում եմ ունենալու Առաջին ալիքի ղեկավարության հետ, որովհետև, իմ խորին գնահատմամբ, առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի ունեցել Հ1-ի կողմից: Մենք դա քննարկման առարկա ենք դարձրել»:







