Մայրություն, ներդաշնակություն, սեր. երջանկության բանաձևը` ըստ Սիլվայի, Էրիկի, Սոնայի և Էվայի
Մարտի 20-ին նշվում է Երջանկության միջազգային օրը։ Այն ՄԱԿ-ի կողմից հաստատվել է 2012-ին` աջակցելու այն գաղափարին, որ երջանկության ձգտումն ընդհանուր զգացողություն է մոլորակի բոլոր մարդկանց համար: Tert.am Life-ն այս առիթով զրուցել է հայ հայտնիների հետ և պարզել երջանիկ լինելու նրանց բանաձևը:
Երգչուհի Սիլվա Հակոբյանի կարծիքով` երջանիկ լինելու ամենակարևոր նախապայմանը երջանիկ լինելու ցանկությունն է: Երգչուհին համոզված է, որ մարդուն կարող են երջանկացնել անգամ շատ փոքր երևույթները: Ասում է` ինքն այդպիսի մարդկանց թվին է պատկանում:
«Կանքին պետք է նայել թեթև, կարողանալ յուրաքանչյուր րոպեդ վայելել, ամեն պահը քեզ համար երջանիկ դարձնել։ Իհարկե, տարբեր մարդկանց մոտ դա տարբեր կերպ է արտահայտվում: Ինձ կարող է երջանկացնել ցանկացած ուշադրություն, հաճոյախոսություն, այն դրականը, որ կա և փորձում եմ ստեղծել իմ շուրջը: Փառք Աստծո, ունեմ հայրական լավ ընտանիք, նորաստեղծ լավ ընտանիք, սիրելի աշխատանք, շատ սիրելի երկրպագուների մեծ բանակ, որ իմ կողքին են, հարազատներ: Կարծում եմ` ոչ մի կետ չկա, որի պատճառով ես պետք է երջանիկ չլինեմ»,-ասաց նա:

Իր կյանքի ամենաերջանիկ օրերի և իրադարձությունների մասին խոսելիս նա նշեց, որ դրանք շատ են՝ կապված ինչպես աշխատանքի, այնպես էլ իր զարմիկի ու զարմուհու լույս աշխարհ գալու հետ: «Ինչու չէ, հենց իմ ամուսնության, հարսանյաց հանդեսի օրն էր շատ երջանիկ, թեև կարծում եմ` անմիջապես ինձ հետ կապված ամենաերջանիկ պահը դեռ պիտի ապրեմ։ Այն, թերևս, անգնահատելի կլինի,-ասաց երգչուհին, իսկ հստակեցմանը` նկատի ունի մայրանա՞լը, երգչուհին արձագանքեց,– Իհարկե։ Դեռ նման բան չկա, բայց յուրաքանչյուր կնոջ համար մայրանալն ամենաերջանիկ զգացողությունն է, որը չես կարող համեմատել որևէ այլ զգացողության հետ»:

Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանի կարծիքով` երջանիկ լինելու համար մարդուն պետք է ներդաշնակություն, ուրիշ ոչինչ: «Ամենակարևորը մարդու ներդաշնակությունն է իր աշխատանքի, ընտրած մասնագիտության, կողակցի և մյուս բոլոր գործոնների հետ, պետք է ուղղակի ներդաշնակ լինել»,-ասաց նա:
Դերասանուհին իրեն երջանիկ մարդ է համարում՝ մասամբ կիսելով տեսակետը, թե իրականում ոչ թե երջանիկ կյանք, այլ երջանիկ օրեր, պահեր են լինում: «Գուցեև այդպես է, բայց երբ հետ ես նայում, երջանիկ լինելու կամ չլինելու զգացողություն ունես։ Այսինքն` այդքան էլ կարևոր չէ կենտրոնանալ` երջանկությունը վայրկյաննե՞ր է, պահե՞ր, օրե՞ր, թե՞ տարիներ: Բնական է, յուրաքանչյուր էմոցիոնալ մարդ, երբ ապրում է կյանք, ունենում է և՛ տխրելու, և՛ ցավի տարբեր րոպեներ։ Երբեմն, մտածում է, որ երջանիկ չէ, բայց, կարծում եմ, դրանք զգացողություններ են, որոնք հենց այդ իրավիճակին, այդ պահի ճշմարտությանն են հատուկ և միշտ ենթակա են փոփոխման»,-ասաց նա:

Երգիչ Էրիկ Կարապետյանի համար երջանկություն ունենալու համար նախապայմաններ չկան: «Ինձ թվում է` մարդ երջանիկ է, երբ ունի ընտանիք, շրջապատված է լավ ընկերներով, հաջողակ է և սոված չէ: Կյանքի ընթացքում լինում են նաև չստացված պահեր, սայթաքումներ, որոնք օգնում են հասնել քո երջանիկ պահին: Այնպես որ, կարծում եմ, որ ամեն ինչ էլ պետք է լինի կյանքում։ Երջանկությունը լինում է ընդհանուր, ոչ թե ինչ–որ պահի»,-ասաց երգիչը:
Էրիկը չառանձնացրեց իր կյանքի ամենաերջանիկ օրը՝ նշելով, որ իր ամբողջ կյանքը երջանիկ է ապրել և շարունակում է ապրել նույն կերպ:

Երջանկության մասին իր պատկերացումներով կիսվեց նաև երգչուհի Սոնա Ռուբենյանը: Նրա կարծիքով` երջանկությունը պահերի, վայրկյանների զգացողությունների մեջ է:
«Բոլոր մարդիկ էլ երջանիկ են, եթե սիրում են։ Կարևոր չէ, որ լինի սեր հակառակ սեռի ներկայացուցչի նկատմամբ: Եթե մարդը սեր ունի իր մեջ, առհասարակ, կյանքի, ծնողների, բնության հանդեպ, արդեն երջանիկ է: Եթե մարդու մեջ սեր կա, նա չի կարող երջանիկ չլինել։ Իմ կարծիքով` այդ զգացողություններն են ստեղծում երջանկությունը»,-ասաց երգչուհին:
Անահիտ Հակոբյան







