Սպառողների խնդիրներն ու դրանց լուծումը` Հանրային ռադիոյի եթերում
Վերջին տարիներին Հանրային ռադիոյի եթերացանցը համալրվել է տեղեկատվական–վերլուծական ծրագրերով, որոնք փորձում են հետադարձ կապ պահել լսարանի հետ: Նմանատիպ հաղորդումների շարքում է սպառողների խնդիրները բարձրաձայնող և հետևողական լինելու միջոցով դրանց լուծումներ տվող «Հանգուցալուծում» հաղորդաշարը:
Հաղորդման հեղինակ և վարող Կարինե Տոնոյանը Tert.am Life-ի հետ զրույցում ասաց, որ «Հանգուցալուծում» հաղորդման ձևաչափը տարբերվում է մյուս լրատվամիջոցների արդեն գոյություն ունեցող հաղորդումներից, քանի որ ոչ միայն բարձրաձայնում է սպառողներին հուզող այս կամ այն խնդիրը, այլև գնում խնդրի հետևից, հրավիրում պատկան մարմինների ուշադրությունը և հետամուտ լինում լուծմանը:
««Հանգուցալուծումը» կամուրջ է հանդիսանում հասարակության և պետական կառույցների միջև։ Եթե այլ իրավիճակներում այդ օղակներն ինչ -ինչ պատճառներով իրար չեն հասկանում, այս դեպքում մենք փորձում ենք հասնել պետական կառույցների է՛լ ավելի արդյունավետ աշխատանքին` կոնկրետ հարցադրումներով, դեպքի վայրում լինելով: Այլ կերպ ասած` սոցիալական պատասխանատվության ֆունկցիա ենք կատարում՝ կրթելու, իրազեկելու և իրավունքների պաշտպանության ոլորտում ավելի գրագետ սպառողներ, լսարան ունենալու համար»,- ասաց Կարինեն:

Հաղորդման հեղինակը փաստեց, որ արդեն իսկ ունեցել են հաջողված օրինակներ, երբ սպառողների բարձրաձայնած խնդիրը, բազմաթիվ անհաջող փորձերից հետո հասնելով իրենց, ստացել է համապատասախան լուծում:
«Մենք ունեցանք հաղորդում կապված «Վեոլիա Ջրի» հետ, որ մեծ աղմուկ էր բարձրացրել: Ընկերությունը համատարած տուգանում էր: Առաջին հաղորդումը նվիրվեց նրան, որ բազմաթիվ քաղաքացիներ անհասականալի պատճառներով տուգանվում են: Դիմումներ գրեցինք օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին` ավելի հանրայնացնելու խնդիրը, ինքներս գնացինք տեղամաս իրենց ներկայացուցիչների հետ ճշտելու հարցը, տնօրենին նամակ գրեցինք: Հաջորդ հաղորդման ժամանակ մենք արդեն այդ խնդրին լուծում տվեցինք: Փորձը ցույց է տալիս, որ մեդիան բավականին լուրջ զենք է խնդիրներ հանգուցալուծելու համար։ Երբ բարձրաձայնում ես հարցը, մարդիկ սկսում են ավելի արդյունավետ աշխատել, և եթե կա հանգույց, այդ հանգույցը ի վերջո բացվում է»,- նշեց նա:
.jpg?1521545221780)
Հաղորդման հեղինակի խոսքով` մի ամբողջ շաբաթ իրենք աշխատանք են տանում կոնկրետ մարդու հետ, ով դիմել է իրենց այս կամ այն խնդրով: Առաջնահերթությունը տալիս են այնպիսի խնդիրների, որոնք արդիական են, հուզում են շատերին և համակարգային լուծումներ են պահանջում: Հաղորդմանը դիմած քաղաքացիներին տրվում է նաև իրավաբանական խորհրդատվություն: «Մենք գնում ենք կոնկրետ մեզ դիմած մարդու մոտ իրավաբանի հետ, ով իր խորհուրդներով պրակտիկորեն օգնում է, դա դարձնում ենք նաև հաղորդման հենք` տվյալ խնդիրը մյուսներին լսելի դարձնելու և պատասխաններ ստանալու, հանգուցալուծումը ունենալու համար: Հաղորդման ժամանակ ստուդիայում հրավիրում ենք տարբեր կողմերի, որպեսզի հավասարակշռությունը պահենք։ Հրավիրում ենք նաև պատկան մարմնին, որն այդ խնդիրը առաջացրել է կամ տարիներ շարունակ չի լուծում»,- եզրափակեց Կարինեն։
Անահիտ Հակոբյան







