«Ինչպե՞ս եղավ, որ հային «Բրաբուս» սազում է, «Բրաբուսի» ղեկին հայ կին` չի սազում». Ռաֆոյի Stand up շոուն հայի տեսակի մասին
Դերասան Ռաֆայել Երանոսյանը պատրաստվում է հանդիսատեսին ներկայանալ նոր Stand up շոու ներկայացմամբ: Նա Tert.am Life-ին պատմել է ներկայացման նախապատրաստական աշխատանքների մասին:
Stand up շոուի պրեմիերան, ըստ նախնական տվյալների, տեղի կունենա մայիսի 7-ին՝ դերասանի հարազատ Կամերային թատրոնի բեմում: Ներկայացման վերնագիրն առայժմ վերջնական որոշված չէ:
«Բեմում լինելու եմ միայն ես, խոսափողը ու հանդիսատեսը: Խոսելու եմ հայի տեսակի, մեր թերությունների մասին։ Կանդրադառնամ այն ամենին, ինչը մենք ամբողջ աշխարհին ներկայացնում ենք որպես առավելություն, սակայն այլ տեսանկյունից։ Սա բողոք չէ։ Ես, ընդհանրապես, չեմ սիրում բողոքել որևէ բանից։ Շոուն ավելի շատ լինելու է հումորային ժանրում` երգով, երաժշտությամբ, հումորով մոտեցում մեր տեսակին, մեր գեներին»,-ասաց դերասանը:

Ռաֆոյի խոսքով` ներկայացման ընթացքում փորձելու է կարևոր մեսիջներ հաղորդել հանդիսատեսին, մասնավորապես, այն մասին, որ բավական է ամեն ինչից բողոքել։ Ըստ նրա` վերջին շրջանում դա շատ տարածված երևույթ է, ինչպես համացանցում, այնպես էլ իրական կյանքում:
«Ես ուղղակի զարմանում եմ` մի՞թե մեր երկրում մի լավ բան չի լինում: Մենք այնքան լավ կողմեր ունենք, պարտադիր չէ միայն բողոքենք, բայց վերջերս սկսել ենք միայն բողոքել: Երբ փողոցում մեկին հանդիպում ես, ուզում ես հարցնել ինչպես է ու լավի մասին պատասխան լսել, բայց բողոքում է, որպեսզի հանկարծ իրենից պարտքով փող չուզեն: Մի տեսակ այնքան ենք ասել դուդուկը մերն է, դարձել ենք դուդուկ, յուրաքանչյուր երկրորդը լացում է, չի կարելի»,- նշեց նա։
Դերասանը նկատեց, որ ի տարբերություն շատ մեծ պետությունների, Հայաստանում, իսկապես, կան այնպիսի դրական երևույթներ, որոնք պետք է դիտարկել որպես առավելություն:

«Այնքան լավ կողմեր ունենք, այնքան լավ բան կա մեր փոքր հողում, որ, հավատացեք, ոչ մի գերպետության մեջ չկա: Միայն այն, որ կարող ես երեկոյան հանգիստ դուրս գալ փողոց, ման գալ, երեխայիդ ապահով ուղարկել դպրոց, չմտածելով, որ ահաբեկիչներ կգան, կտրաքացնեն, երեխան վատ բան կստանա, արդեն միլիոն արժի: Միայն այն, որ կարող ես հարևանից պարտքով հաց ուզել, ապրել երկու օր, մինչև գործ ճարես, միլիոն արժի: Ոչ մի ուրիշ տեղ նման բան չկա»,- ընդգծեց Ռաֆոն:
Նրա համար անհասկանալի է նաև հաճախ հնչող արտահայտությունը, թե այս կամ այն երևույթը չի սազում մեր ազգին: «Ինչի՞ չի սազում, մենք պոզով–պոչո՞վ ենք, 21-րդ դարն է, ինչպե՞ս եղավ` մեզ «Բրաբուս» սազում է, «Բրաբուսի» ղեկին կին` չի սազում, այդ ի՞նչ արտահայտություն է` «մեր ազգին չի սազում»»,-ասաց դերասանը:
Ռաֆոն վստահ է` ներկայացումը դիտելուց հետո հանդիսատեսը կվերանայի իր հայացքները և կսկսի ավելի քիչ բողոքել:


Անահիտ Հակոբյան







