Վաչեի և կնոջ տարաձայնությունը` դստերն առաջին անգամ հանրությանը ցույց տալու վերաբերյալ. ամուսինները մեկնաբանում են
Դերասան Վաչե Թովմասյանը Ինստագրամի «Սթորի» հավելվածում առաջին անգամ ցույց է տվել 1 տարեկան դստերը` Միային, թեև կինը` Գայանեն, դեմ էր։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանն ասաց, որ դստերը հանրությանը ցույց տալը իր նախաձեռնած ռեալիթի շոուի մաս էր կազմում։ Ըստ այդ շոուի` Վաչեն մտադիր է ամեն շաբաթ Ինստագրամի «Սթորի» հավելվածում ցույց տալ իր առօրյան։
«Էքսպերեմենտալ հաղորդում է իմ կողմից, որը մեկ շաբաթ անելու եմ, հետո կհասկանամ` շարունակե՞լ, թե՞ ոչ։ Ներկայացնում եմ տարբեր իրավիճակներ, որոնք լինում են ինձ հետ օրվա ընթացքում։ Դա սթորի եմ անում, ներբեռնում իմ էջ: Ինձ հետ երեխա էլ է չէ՞ լինում օրվա մեջ: Աղջիկս իմ առօրյայի մի մասն է»,-ասաց Վաչեն:
Դերասանի խոսքով` դստեր նկարը սոցցանցերում հրապարակելու հարցը դեռևս վեճի առարկա է իր և կնոջ՝ Գայանեի միջև։ Այս հարցում փոխհամաձայնության առայժմ չեն եկել:

«Գայանեն չի ուզում հրապարակել երեխայի լուսանկարը, ես ուզում եմ։ Նա ասում է՝ ի՞նչ իմանանք, հնարավոր է` երեխան չի ուզում հայտնվել սոցցանցերում, սոցիալական հանրության քննարկման առարկա դառնալ, ինչին ինքը դեմ է, ես էլ մտածում եմ` ինչո՞ւ չի ուզում»,-ասաց Վաչեն:
Tert.am Life-ը հարցի մասին զրուցեց նաև Վաչեի կնոջ՝ Գայանե Մանուկյանի հետ: Գայանեն նշեց, որ հարցը լուրջ վիճաբանության առիթ չէ իր և ամուսնու միջև, միաժամանակ հիմնավորեց, թե ինչու է դեմ երեխայի նկարները սոցցանցերում հրապարակելուն:
«Լուրջ անհամաձայնության խնդիր չկա, ուղղակի մենք տարբեր տեսակետներ ունենք: Ես կարծում եմ, որ առհասարակ, երեխաների լուսանկարների, տեսանյութերի հրապարակումը երեխայի իրավունքների խախտում է։ Քանի դեռ ինքը չի գիտակցում, իր հետ ինչ են անում, լավ կլինի զերծ մնալ դրանից, բայց դա իմ սուբյեկտիվ վերաբերմունքն է»,-ասաց Գայանեն։
Անահիտ Հակոբյան







