Մանրամասներ Թոմաս Անդերսի և «Մոդերն Թոքինգի» երևանյան համերգի մասին
You're My Heart, You're My Soul, Cheri Cheri Lady, Brother Louie, No Face, No Name, No Number. «Մոդերն Թոքինգ» բենդի երգերն 80-ականներին հայտնի հիթերն էին: Թոմաս Անդերսն և «Մոդերն Թոքինգ» բենդն այսօր էլ համաշխարհային շրջագայության մեջ են: Երևանը ներառվել է այն քաղաքների շարքում, որը հյուրընկալելու է հայտնի խմբին: Նրանց համերգը կկայանա մարտի 27-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Tert.am Life–ի հետ զրույցում միջոցառման մամուլի պատասխանատու Լիլիթ Հակոբյանն ասաց. «Տոմսերի վաճառքի առումով մեծ ակտիվություն կա։ Սպասվում են հյուրեր նաև դրսից։ Այսպիսի համերգը խթանում է նաև զբոսաշրջությանը։ Տոմսերի վաճառքը շատ լավ է առաջ գնում, սակայն ցանկացողները դեռ կարող են տոմսեր գնել»։ Տոմսերի արժեքը սկսվում է 5000 դրամից։
Կազմակերպիչները վստահ են՝ այն մեծ իրադարձություն է լինելու ոչ միայն երգերի, այլև շոու առումով։ ««Մոդերն Թոքինգի« երգերը շատ սիրված են Հայաստանում։ Այդ մասին վկայում է հայ հանդիսատեսի մեծ հետաքրքրվածությունը և ոգևորությունը համերգի նկատմամբ։ Մեծ շոու ծրագիր է սպասվում, վառ լուսային էֆեկտներով, կենդանի ձայնով և նվագակցությամբ, որը հետաքրքիր կլինի նաև երիտասարդներին։ Մենք նկատել ենք, որ շատ երիտասարդներ տոմսեր են գնում նաև իրենց ծնողների, տատիկ-պապիկների համար՝ մեկնաբանելով, որ յուրահատուկ նոստալգիա է սպասվում նրանց համար»,– նշում են «Յունիթի Փրոդաքշնից»։
Թոմաս Անդերսն արդեն հանդես է եկել տեսաուղերձով, որով դիմում է իր հայ երկրպագուներին` ասելով, որ գալիս է Երևան: «Մոդերն Թոքինգի» երևանյան համերգին կհաջորդեն համերգներ Գերմանիայում, Պորտուգալիայում, Չեխիայում և այլ երկրներում։







