Տիգրան Հարությունյանը՝ տուն գնելու, երեխա ունենալու ցանկության և Իսպանիայում նկարահանումների մասին

18:52 • 22.03.18

 

Հաղորդավար Տիգրան Հարությունյանը երկար տարիներ է էկրաններին։ Տարիներ առաջ «Դար 21»–ում առաջին քայլերն արած հաղորդավարը շարունակում է հեռուստադիտողներին ներկայացնել Երևանի ժամանցային կյանքը` ինքն էլ դառնալով ժամանցային կյանքի անբաժանելի մասը։ Tert.am Life-ը նրա հետ զրուցել է ինչպես գործունեության, այնպես էլ անձնական կյանքի մասին։

 

Հաղորդումը, որը նա հիմա վարում է ծնունդ է առել «Դար 21» հեռուստաընկերությունում, այն ժամանակ «Ժամանց» ծրագիրն էր, հետո Տիգրանը որոշեց պահպանել ձևաչափը, սակայն նոր անուն տալ նախագծին` Face Control: «Անդրադառնում եմ մարդկանց հագուկապին ակումբներում, տոների ներկայանալիս, արդյոք հարիր է այս կամ այն  դրես կոդով տարբեր շնորհանդեսների այցելելը»,- ասաց նա:

 

Այս օրերին Տիգրանը աշխատանքային այցով Իսպանիայի հարավում գտնվող Վիյենա քաղաքում է, որտեղ նկարահանումներ է իրականացնում քաղաքապետի պաշտոնական հրավերով:

 

 

«Costa Blanca նորաձևության շաբաթի շրջանակում, արդեն 7 տարի է` գործունեություն ենք ծավալում Իսպանիայում: Նախորդ տարի հերթական նկարահանման ժամանակ իմացանք, որ մոտակա քաղաքներից մեկը՝ Իսպանիայի հարավում գտնվող Վիյենա քաղաքը, ընդունել է  Հայոց Ցեղասպանությունը, չնայած ամբողջ Իսպանիան, որպես խոշոր պետություն, չի ընդունել:  Քանի որ ես այստեղ նկարահանումների էի, միանգամից տեսախցիկը վերցրեցինք, գնացինք քաղաքապետի մոտ հարցազրույցի: Նա հետաքրքրվեց, թե ինչ ծրագիր եմ անում, ասացի՝ ժամանցային, պաշտոնապես հրավիրեց լուսաբանելու իրենց քաղաքում ընթացող տոնակատարությունները»,- պատմեց հաղորդավարը:

 

Նա հայտնեց, որ առաջին նկարահանումը տեղի ունեցավ սեպտեմբերին, երկրորդ հրավերն էլ վերջերս անցկացված Fiesta’s Del Medievo մեծ տոնակատարության շրջանակում էր: Տիգրանը պատմեց, որ դա միջնադարյան շնչով անցկացվող տոնակատարություն է, երբ ամբողջ  քաղաքը բերվում է միջնադարյան շրջանի տեսքին, տոնակատարության մասնակիցներն էլ հանդես են գալիս թագավորի, թագուհու հանդերձանքներով, հին զգեստներով:

 

 

Տիգրանի խոսքով` Երևանի քաղաքապետարանից տեղեկանալով այս պաշտոնական հրավերի մասին, իրեն լիազորել են բանակցություններ վարել Վիյենայի և Երևանի միջև համագործակցություն հաստատելու հարցում: Այդ նպատակով  Վիյենայի քաղաքապետարանի նիստերի դահլիճում անցկացվել է հանդիպում-շնորհանդես, որի ընթացքում ներկայացրել են Երևանը զբոսաշրջության տեսանկյունից: «Մենք իրենց հրավիրեցինք Երևան` օգոստոսի 4-ին «Երևանյան ամառ»  ծրագրի շրջանակում մասնակցելու «Տարազ Ֆեստ»-ին ու ներկայացնելու  իրենց ազգային տարազները:  Իրենց հետաքրքրեց, որ համագործակցությունը շատ լավ լինի, առավել ևս, երբ հասկացան, որ Հռոմից շատ հին քաղաք ենք, ավելի  հին քաղաքակրթություն ու մշակույթ ունենք»,-ասաց Տիգրանը:

 

Մեր զրույցի ժամանակ հաղորդավարը կնոջ՝ փաստաբան Արմինե Ֆանյանի համար  նվեր էր ընտրում ապրիլի 7-ին ընդառաջ: Տիգրանից տեղեկացանք, որ երկար տարիների համատեղ կյանքից հետո արդեն ծրագրում են երեխա ունենալ։ «Ես ու կինս համատեղ ուժերով սեփական տուն ենք վերցրել, հիմա վերանորոգման աշխատանքների ավարտին ենք մոտենում։  Դա վերջացնելուց հետո պլանավորում ենք երեխա ունենալ»,-ասաց նա:

 

Անահիտ Հակոբյան

Տիգրան Հարությունյանը՝ տուն գնելու, երեխա ունենալու ցանկության և Իսպանիայում նկարահանումների մասին