Լավ հյուրանոց, լիմուզին. ի՞նչ պայմաններով է«Մոդերն Թոքինգ»-ը գալիս Հայաստան
80-ականներին դիսկո տրամադրություն ու պարային ռիթմեր ապահովող հանրահայտ «Մոդերն Թոքինգ» խումբն ու Թոմաս Անդերսը հայ հանդիսատեսին հնարավորություն կտան նոստալգիա ապրելու և կենդանի հնչողությամբ վայելելու You're My Heart, You're My Soul, Cheri Cheri Lady և այլ հայտնի հիթերը: Մարտի 27-ին իր համաշխարհային շրջագայության շրջանակում խումբը հանդես կգա նաև Երևանում՝ Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում համերգային մեծ շոու-ծրագրով:
Tert.am Life-ը զրուցել է համերգի կազմակերպիչ Unity Production-ի պրոդյուսեր, երաժիշտ Անդրե Սիմոնյանի հետ, ով մանրամասներ է ներկայացրել համերգի կազմակերպման աշխատանքների, սպասվող շոու-ծրագրի մասին՝ վստահեցնելով, որ համերգից հետո հանդիսատեսը տպավորված է տուն վերադառնալու:
Համաշխարհային ճանաչում ունեցող խմբի հայաստանյան համերգի կազմակերպման գաղափարը ծնվել է նախորդ ամառ, երբ Անդրե Սիմոնյանն ու ընկերները գտնվել են ԱՄՆ-ում: «Ինձ հետ կապվեց LA Concert Group-ի հիմնադիր Վահե Շահինյանը`Beautified Project-ի համերգը Լոս Անջելեսում կազմակերպելու առաջարկով: Մեր զրույցի ընթացքում իմացա, որ նա հանդիսանում է ԱՄՆ-ում «Մոդերն Թոքինգ»-ի համերգային շրջագայությունների կազմակերպիչը: Հաշվի առնելով, որ խումբը շատ հայտնի ու սիրված է նախկին խորհրդային երկրներում և սկսել է մեծ համերգային շրջագայություն` գնացինք այդ ռիսկին և որոշեցինք համերգ կազմակերպել Երևանում, իրենց հրավիրեցինք Հայաստան»,-նշեց նա:

Անդրեն նշեց, որ հանրահայտ բենդի ու անձամբ Թոմաս Անդերսի հետ պայմանավորվելն ու նրանց համաձայնությունը ստանալը դժվար չէր: Նա շեշտեց, որ «Մոդերն Թոքինգ»-ն այն խմբերից է, որը չի ակտիվանում մի համերգի համար, հետո ցրվում, այլ ունենում է լայնածավալ համերգային շրջագայություններ:
«Թոմաս Անդերսն այն մարդկանցից է, ով, իսկապես, վայելում է և հաճույք է ստանում իր համերգային շրջագայություններից: Որպես կազմակերպիչ` շատ երգիչ-երգչուհիների հետ եմ աշխատել և հասկացել եմ, որ կան մարդիկ, որոնք շատ նյարդային են, համերգներով հանդես են գալիս ուղղակի գումարի համար: Թոմաս Անդերսը դա անում է հաճույքով, իր համար հետաքրքիր է Երևանում համերգով հանդես գալը, հատկապես, որ իրեն տեղեկացրել ենք՝ համերգին այլ երկրներից էլ շատ մարդիկ են լինելու: Մենք սպասում ենք մոտ 2000 հանդիսատեսի դրսից»,-պատմեց Անդրեն:
Պրոդյուսերից հետաքրքրվեցինք, թե խումբն ի՞նչ հիմնական պահանջներ է ներկայացրել երևանյան համերգի հրավերն ընդունելու համար։ Նրա խոսքով` խումբը, առանձնապես, պահանջկոտ չի եղել: Այնուաամենայնիվ, իմացանք ռայդերի որոշ կետերի մասին. «Իրենք շատ պահանջկոտ խումբ չեն ռայդերի առումով: Իհարկե, ցանկացել են շատ լավ հյուրանոց, նաև երգիչը միշտ սիրում է լիմուզինով շրջել, խմբի մյուս անդամների ռայդերը ավելի համեստ է: Իրենց հետ շատ նորմալ ենք շփվում, չես զգում, որ համաշխարհային աստղի հետ ես շփվում»:

Անդրեն նկատեց, որ 80-ականներին մեծ պահանջարկ վայելող խումբն այսօր էլ սպասված ու հետաքրքիր է հանդիսատեսի համար: Ըստ նրա` դա փաստում է տոմսերի վաճառքի ցուցանիշը։ «Ճիշտն ասած, մենք վստահ էինք, որ տոմսերի վաճառքը լավ է լինելու: Տոմսերի արժեքը սկսում է 5000 դրամից: «Մոտ 80 տոկոսն արդեն վաճառված է: Կարծում եմ, որ շատ հետաքրքիր է լինելու: Իրենք հանդես են գալու բենդով. խումբը, որ էլեկտրոնիկա երաժշտություն է թողարկել 80-ականներին, այսօր արդեն այդ երգերը կատարում է կենդանի հնչողությամբ և նոր շնչով, որովհետև շարունակել է երգել և նոր ալբոմներ թողարկել այս ընթացքում»,-ասաց նա ու հայտնեց, որ «Մոդերն Թոքինգ»-ը Հայաստան է գալիս ամբողջական կազմով` իրենց հնչյունային ու լուսային ինժեներների ուղեկցությամբ: Անդրեն խոստանում է` բեմում կլինի լուսային և հնչյունային շքեղ ձևավորում:
Անդրեն նշեց, որ բեմում հյուրեր չեն լինելու, որպեսզի հանդիսատեսը կարողանա ամբողջապես վայելել խմբի ներկայությունը: «Ճիշտն ասած, մտածում էինք հյուրեր ունենալու մասին, բայց զգացինք, որ մարդիկ կմտածեն` այդպիսով կրճատում ենք «Մոդերն Թոքինգ»-ի ելույթի ժամանակը, Հայաստանում եղել են այդպիսի դեպքեր: Այդ պատճառով էլ որոշեցինք, որ բեմում կլինի միայն DJ լինի, այնուհետև «Մոդերն Թոքինգ»–ը։ Խումբը խոստացել է երգել 1 ժամ 30 րոպեից մինչև 1 ժամ 45 րոպե` առանց ընդմիջումների»,-հայտնեց նա ու հավելեց, որ բեմում մեծ էկրան է լինելու, որտեղ կցուցադրվեն անիմացիաներ։ Բացի այդ, բեմի երկու կողմերում կլինեն մեծ էկրաններ, որոնցում ուղիղ կհեռարձակվի համերգը` հնարավորություն տալով հեռվում նստած հանդիսատեսն ամբողջապես վայելել շոուն:
«Սա խմբի մեծ համերգաշարի մի մասնիկն է Երևանում և այն մտավախությունը, որ ժողովրդի մեջ կա, թե հնարավոր է գումարային պատճառներով համերգը չկայանա, բացառվում է: Ես համոզված եմ՝այն մարդիկ, որ գալու են համերգին, շատ տպավորված են վերադառնալու տուն ու պատմելու համերգի մասին»,- եզրափակեց Անդրեն:
Անահիտ Հակոբյան







